Վերջին օրերի իրադարձությունները ևս մեկ ավելորդ անգամ ապացուցեցին, որ դե ֆակտո անկախությունը կորցրած Հայաստանում չկա քաղաքականություն, որ այդ դաշտը զավթված է հին ու նոր սերնդի քաղաքական պոռնիկների կողմից, որոնք աղտոտ խաղ են խաղում են իշխանությունների տիրույթում նրա թելադրած կանոններով: Ցավալի է, որ այս կեղծ քաղաքական դաշտում, բացի «կլիենտ» ընդդիմությունից և ներդրված յուրայիններից, ակամայից հայտնվել են նաև անկեղծ հայրենասիրական ոգով և նպատակներով օժտված խմբեր ու անհատներ, որոնք իրոք ցանկանում են հանցագործ ռեժիմի տապալումը, սակայն ժողովրդի անտարբերությունը կոտրում է նրանց ոգևորությունը, մատնում հուսահատության:
Իրականում ի՞նչ է տեղի ունենում: Կեղծ հայրենասերներն ու պատեհապաշտները, կեղծ ընդդիմություն-իշխանություն քաղաքական շոուի միջոցով, նորանոր «սերիալների» խաղարկմամբ, պահում են քաղաքական դաշտն իրենց տիրապետության տակ, շարունակ վերարտադրում ու երկարաձում են ռեժիմի կյանքը, միաժամանակ պարբերաբար խաբելով, խաղի մեջ ներքաշելով ժողովրդին, մարում են նրա վերջին հույսերը, թե երբևիցե հնարավոր է մի բան փոխել «պայքարի» միջոցով: Ստացվում է, որ իրոք, «իշխանությունների դեմ խաղ չկա», «սաղ սուտ ա», «սաղ էլ մեկ են», «էս երկիրը երկիր չի՛ դառնա»: Փաստորեն հանցագործ իշխանություններին հաջողվում է «իր մոտ կլիենտ աշխատող» «ընդդիմության» հետ միասին, քաղաքական պոռնկախաղի միջոցով, վերջնականապես կոտրել ժողովրդի կամքն ու հավատը և ամրապնդել իրենց ստրկական լուծը երկրում:
Արդյոք այսօր ժամանակը չէ՞, որ արդեն պարզունակ դարձած այս խաղը հասկանալով՝ հայրենասեր մարդիկ և կազմակերպությունները, թեկուզ ժամանակավորապես, թեկուզ մարտավարական և ռազմավարական շահերից ելնելով, որոշ ժամանակ հանգիստ թողնեն ամեն ինչից խռոված ժողովրդին ու չփորձեն իրենց ետևից գալու կոչերով ավելի զզվեցնել մինչև կոկորդը «կշտացած» մարդկանց: Վերջապես, նաև արժի հասկանալ, որ այդ ձևով ժողովուրդը գնալով ծուլացավ, վարժվեց նրան, որ իր հարցերը պետք է լուծեն կուսակցությունները, քաղաքական ուժերը, «լավ տղերքը», կռված տղերքը և այլոք: Հիմա արդեն ճիշտ պահն է, որպեսզի ժողովուրդը գիտակցի, որ այլևս «իրեն տիրություն անող» չի լինելու, որ արդեն ինքն է լինելու իր գլխի տերը, որ ինքն է այս երկրի տերը և ինքն էլ պետք է ԼՈԻԾԻ ԻՐ ՀԱՐՑԵՐԸ:
Եվ ընդհանրապես, հայրենասիրություն չի նշանակում շարունակ հայրենիքի «փրկչի» դերում լինել և զոռով առաջնորդել մի ժողովրդի, որն արդեն չկա, խաչ է քաշել ամենքի ամեն ինչի վրա: Հիվանդին անգամ հարկավոր է ինչ-որ պահի հանգիստ թողնել, մենակ թողնել, որպեսզի ավելի լավ գիտակցի սեփական վիճակի լրջությունը ու կողմնորոշվի ապագա որոշումներում: Հայրենասեր մարդը նաև պարտավոր է իմանալ, ուսումնասիրել իր բախտակից ժողովուրդների ճակատագիրը, բռնապետության տապալման նրանց փորձը և կիրառած մեթոդները: Թէ չէ, ամեն անգամ դրոշն առնելով, առաջ ընկնելով, հուսալով, որ ժողովուրդը ոտքի է ելնելու և վազի իրենց հետևից, ընդամենը ուրախացնում ենք ռեժիմի սպասավորներին, հայտնվում նույն՝ ծանոթ փոսում և հերթական անգամ ապացուցում, որ «իրենց դեմ խաղ չկա»...