Ամեն երկրոդ աղջկան որ խոսեցնես, Հայաստանում լավ տղա չի մնացել, բոլորը կամ բռի են, կոպիտ ու քյարթու, կամ ղզիկ: Կամ աղջկա հետ վարվելու տարրական կուլտուրա չունեն, կամ էլ էնքան փափուկ են, որ նյարդայնացնում են: Հարկավ, դեմ չեմ որ վերոթվարկյալ երկու ընդհանրացված կատեգորիաներն էլ մեծամասնություն են կազմում, ու դույզն-ինչ նպատակ չունեմ վեճի բռնվել այս հարցի շուրջ մեր կյանքն այսքան գեղեցիկ ու հետաքրքիր դարձնող էակների հետ, բայց... Կա մի լրջագույն «բայց»` կախված այս ամբողջ գործընթացի հետ: Սիրելինե՛րս, արդյո՞ք դուք ձեզ այնպես եք դրսևորում ու այնպես ապրում, որ այդ երկու կատեգորիաներից դուրս տղամարդիկ ձեզնով հետաքրքրվեն: Խոսքս բնավ «ես եմ քո մեղրը, արի ինձ կեր» օպերացիայի մասին չէ, դա էլ ձեր պաթոլոգիկ դրսևորումներից մեկն է: Աղջիկը, կինը, ով երազում է իր կողքին տեսնել (ի դեպ, 99 տոկոսն աղջիկների հենց այս տիպն են նախընտրում) ուժեղ, խելացի, աշխատասեր, զուսպ ու իշխող տղամարդու, պետք է համապատասխանի իսկական ԿՆՈՋ կերպարին: Համեստ, գեղեցիկ ու կրթված լինելը դեռևս չափանիշ չէ նման տղամարդ ունենալու համար: Համարձակ ու ուժեղ տղամարդիկ էլ ձգտում են համարձակ կանանց, իսկ եթե դուք ուղղակի ստատիկ վիճակում «նստած թախտին, սպասում եք բախտին», ապա այսպես թե այնպես, ընտրությունը թողնում եք մեզ, բայց ի բնե դա ճիշտ չի: Ինչքան էլ տղամարդը համապատասխանի վերոնշյալ կրիտերիաներին, բնության մեջ ընտրությունը կնոջինն է: Կինն է ընտրում, թե որ տղամարդն իրեն «ընտրի»: Թերևս մեր ավանդապաշտական արմատներից բավականին հեռացել ենք, որ այդ ընտրությունը բացառապես մոնոպոլիզացված լինի, ու բնավ պարտադիր էլ չէ, որ կինն (աղջիկը) առաջին քայլն անի (թեկուզ ես դա նույնպես համարում եմ բնականոն ու պատշաճ վարվելակարգ), սակայն գոնե պետք է իմպուլսներ հաղորդվեն ձեր կողմից, որ այ տես, դու ինձ դուր ես եկել, որ ուզես, կարող ես փորձել գրավել ինձ: Չէ, ո՞նց կլինի, եթե էդպես վարվեք, դեգրադացված հասարակության մի ստվար զանգված կմտածի, որ լավ աղջիկ չեք, որ դեմ եք գնում բնության օրենքներին: Ասածս ի՞նչ է. բոլորիդ երազանքի տղամարդու կրիտերիաներին համապատասխան տղամարդն էնքան ինքնահաստատված ու կայուն մարդ է, որ դուք ևս, եթե իրեն համարում եք ձերը, պիտի գոնե իմպուլիվ մակարդակում ձերին տիրություն անեք, թե չէ կգա մի մասնագիտությամբ խոպանչի, ով Պսկովներում թույն ասֆալտ փռող բրիգադ ունի ու ձեզ կտանի, կդարձնի իրենց տան կահույքի ու կենցաղային տեխնիկայի ընկերուհին ու անբաժանելի մասնիկը:
Հ.Գ. Լավ աղջիկն էլ ա լիքը, լավ տղեն էլ. ոչ մեկ մեղավոր չի, որ դուք չեք բաշարում նրանց գտնել: