Hartak.am-ը գրում է․
-Գրիգոր, դու այն հազվադեպ հումորիստներից ես, ում ցանկացած կերպար սիրվում և ընդունվում է հանդիսատեսի կողմից: Ըստ քեզ, ինչո՞ւ է այդպես:
-Շնորհակալ եմ: Իրականում չեմ կարող ասել, թե ինչու է այդպես։ Երևի այն, որ ես փորձում եմ կերպարը կերտելիս շեշտը դնել այն բանի վրա, որ կերպարն ավելի հոգեհարազատ լինի հեռուստադիտողին, լինի կերպար, որին մենք տեսնում ենք մեր առօրյայում:
-Դու նաև սցենարիստ ես, ինքդ ես գրում , ստեղծում քո կերպարները: Ինչպե՞ս է դա կատարվում: Ինչպե՞ս են նրանք ծնվում:
-Ես արդեն 15 տարի է, ինչ զբաղվում եմ սցենարական աշխատանքներով։ Իրականում երկար տարիների փորձն է օգնում ստեղծագործելուն ։ Թե ինչպես են ծնվում կերպարները, չեմ կարող բացել բոլոր փակագծերը, բայց որ վերցնում ենք մեր այսօրվա իրականությունից՝ դա փաստ է:
-Լաուր տատիկն ու մշեցի Առաքելը բացարձակապես տարբեր մարդիկ են: Ո՞րն էր քեզ ավելի հաճելի խաղալ:
-Ինձ համար բոլոր կերպարները հոգեհարազատ են, բոլոր կերպարներն էլ հաճույքով եմ խաղում, որովհետև ընթացքում նրանք դառնում են իմը:
- Կյանքում ինչպի՞սն ես: Հումորը քեզ մինչև ո՞ւր է ուղեկցում:
-Հումորը միշտ էլ օգտակար է կենցաղում, բայց ինքս հանգիստ բնավորություն ունեմ, չեմ փորձում շրջապատում փայլել իմ հումորով:
-Փողոցում մարդիկ քեզ ավելի հաճախ ո՞ր կերպարի անունով են դիմում կամ գուցե նույնականացնում:
-Երբ եթերում էր Yere1 նախագիծը, ավելի շատ ինձ ասոցացնում էին Սերոժի հետ։ Այժմ բոլորն ինձ դիմում են «Մուշեղ ձյաձյա» (ծիծաղում է):
-«Ֆուլ հաուս»-ը ե՞րբ կրկին կլինի եթերում և ի՞նչ փոփոխություններ են սպասվում:
-Նկարահանումների մեկնարկն արդեն տրվել է: «Ֆուլ հաուս»-ը եթերում կլինի մարտի 9-ից: Դերային գիծն ավարտվելու պատճառով մարտից սերիալում էլ չեն լինելու Արսենի ընկերուհի Յանան՝ Մարիամ Մելիքյանը, և սրճարանի մենեջեր Ռուզաննան՝ Անահիտ Սաքանյանը: Նոր «Ֆուլ հաուս»-ում լինելու են երկու նոր պերսոնաժներ.մեկը տիկին Տամարայի եղբորորդին է, որը գալիս է Մոսկվայից, հերոսի անունը Տիգրան է, դերակատարն է Դավիթ Աղաջանյանը: Եվ մյուս նոր կերպարը՝ Լիկայի ընկերուհին՝ Եվան։ Դերակատարը Լիլիթ Հարոյանն է։
-Կյանքիդ ընկերուհին՝ Հռիփսիմեն, գեղեցիկ կին ու երգչուհի է: Ինչպե՞ս եք կարողանում հայտնիներով ու զբաղվածներով մի հարկի տակ ապրել: Ինչի՞ շուրջ եք հաճախ վիճում:
-Ես և Հռիփսիմեն, ամեն մեկս մեր հերթին ունենք մեր աշխատանքը։ Հռիփսիմեն դասավանդում է նաև Կոնսերվատորիայում։ Ինչպես նաև մենք ունենք ստուդիա, որտեղ դասավանդում ենք և՛ ես, և՛ Հռիփսիմեն։ Բայց մենք գրեթե չենք վիճում, որովհետև երկուսս էլ հանդուրժող ենք և փոխզիջող: