
Այս ցուցակը կազմելիս փորձել ենք դիտարկել այն տարբերակները, որոնցով հնարավորինս ճշգրիտ կարելի է որոշել դրանց մասնակցած մարդկանց թիվը՝ ելնելով վաճառված տոմսերի քանակից։ Իհարկե, կարելի էր նաև դիտարկել բացօթյա այնպիսի միջոցառումներ, որտեղ մուտքն ազատ էր, ու նման դեպքերում հանդիսատեսի հիրավի աստղաբաշխական թվերի հետ գործ կունենայինք։ Օրինակ՝ Ռոդ Ստյուարտը Ռիոյի Կոպակաբանայի լողափին տված իր ամանորյա համերգի ժամանակ ունեցել է մոտ 3.5 միլիոն հանդիսատես, Ժան-Միշել Ժարրի մոսկովյան շոուն եկել էին դիտելու ևս 3.5 միլիոն մարդ, Ռոլլինգ Սթոունզի համերգին նույն Կոպակաբանայում ներկա էր գտնվել մոտ 1.5 միլիոն մարդ։
Սակայն մենք որոշեցինք ներկայացնել ոչ թե փառատոններ ու տարբեր երգիչների մասնակցությամբ համերգներ, որոնց հանդիսատեսի թիվը հնարավոր է ներկայացնել շատ մոտավոր, այլ կոնկրետ կատարողների կամ էլ խմբերի համերգներ՝ հիմնվելով վաճառված տոմսերի թվի վրա։
9. The Beatles
Բազմամարդ մենահամերգի առաջին ռեկորդը ժամանակակից պատմության մեջ պատկանում է լեգենդար The Beatles խմբին։ Նյույորքյան մենահամերգը խումբն իրականացրեց «Shea» մարզադաշտում 1965 թվականի օգոստոսի 15-ին, և այն տևեց ընդամենը 30 րոպե։ Ժամանակակից չափանիշներով թիվը գուցե տպավորիչ չթվա, բայց 60-ականների համար սա, հիրավի, ռեկորդ էր, ու առաջին դեպքն էր, երբ սպորտային արենան օգտագործվում էր որպես համեգասրահ։ Լեգենդար երաժիշտները մարզադաշտ ժամանեցին ուղղաթիռով, քանի որ խիստ մեծ էր հավանականությունը, որ հակառակ դեպքում կարող են զանգվածային անկարգություններ սկսվել հավաքված երկրպագուների չափազանց մեծ թվի պատճատով։
50.000 նստատեղ ունեցող մարզադաշտն այդ երեկո լեփ-լեցուն էր, ու եթե հաշվում ենք նաև կանգնած հանդիսատեսին, ապա ընդհանուր առմամբ վաճառվել էր 55.600 տոմս, ու սա առաջին դեպքն էր, որ մեկ կատարողի/խմբի համերգին միանգամից այդքան մարդ էր մասնակցել։ Համերգի անվտանգությունն ապահովում էին 2000 ոստիկաններ, որոնք ստիպված էին փակել ականջները երկրպագուների ճիչերի պատճառով։ Ի դեպ, հենց այս համերգի ժամանակ առաջին անգամ ներկայացվեց Yesterday մեգահիթը։
8. Led Zeppelin
The Beatles-ի ռեկորդը պահպանվեց 8 տարի շարունակ, մինչև 1973 թվականին այն չգերազանցեց մեկ այլ լեգենդար անգլիական խումբ՝ Led Zeppelin-ը, որը համարվում է հարդ-ռոքի հիմնադիր։ Իրենց համաշխարհային շրջագայության ժամանակ նրանք արդեն երկրորդ համերգին գերազանցեցին The Beatles-ի ցուցանիշը 200-ով, իսկ 1977 թվականին նրանք Միչիգան նահանգի «Pontiac Silverdome» մարզադաշտում հավաքեցին 76.229 հանդիսատես։
7. Մայքլ Ջեքսոն
Համաշխարհային վիճակագրական կազմակերպության հարցումների համաձայն՝ աշխարհի ամենաճանաչելի մարդը հանդիսանում է Մայքլ Ջեքսոնը։ Մայքլը շոու բիզնեսում էր դեռ մանկուց իր քույրերի և եղբայրների հետ, սակայն նրա իսկական աստեղային ժամը եկավ 1982 թվականին, երբ նա թողարկեց իր լեգենդար «Thriller» ալբոմը, որն ամբողջ աշխարհում վաճառվեց 104 միլիոն օրինակով ու այդ ցուցանիշով մինչ օրս էլ զբաղեցնում է անգերազանցելի իր հորիզոնականը Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։
Նույն 1996 թվաքանին Ջեքսոնը սկսեց հետագայում լեգենդար դարձած իր «History world tour»-ը, որի ընթացքում նա եղավ բոլոր մայրցամաքներում՝ այցելելով 35 երկրների 58 քաղաքներ։ Շրջագայության մեկնարկային համերգին, որը կայացավ Պրահայում, մասնակցեցին շուրջ 125.000 մարդիկ, իսկ ամբողջ շրջագայության ընթացքում Ջեքսոնը տվեց 82 մենահամերգ, որոնք ընդհանուր առմամբ ունեցան մոտ 4.5 միլիոն հանդիսատես։
6. Queen
Եվս մեկ բրիտանական խումբ զբաղեցրել է այս շքերթի 6-րդ հորիզոնականը։ Queen-ը միշտ աչքի էր ընկնում իր էպատաժով, ու խմբի անդամները կարող էին այնպիսի բաներ ձեռնարկել, որ ոչ մեկի մտքով չէր անցնի։ Օրինակ, 1978 թվականին նրանք իրենց «Bicycle Race» («Հեծանվավազք») հիթի շնորհանդեսի համար վարձակալեցին Ուիմբլդոն մարզադաշտն ու այնտեղ իսկական հեծանվավազքի մրցում կազմակերպեցին, որին մասնակցում էին… 50 լրիվ մերկ աղջիկներ։
1981 թվականին խումբը ժամանեց Սան Պաուլոյի Մարմուբի մարզադաշտ, որտեղ առաջին համերգին ներկա գտնվեց 131.000 մարդ, իսկ երկրորդ օրը մի քիչ ավելի քիչ՝ 120.000 մարդ։ Այդ տարի Queen-ը ևս մեկ ռեկորդ սահմանեց. նրանց բոլոր ալբոմները հայտնվեցին արգենտինական հիթ շքերթի թոփ տասնյակում։
5. U2
U2-ն խումբն իր վերելքը սկսել է որպես պանկ-համույթ, և ալբոմից ալբոմ նրանք անդադար փոխում էին իրենց ոճը, սակայն նրանց, թերևս, ամենակարևոր առանձնահատկությունը երգերի բառերի խորաթափանց ու հաճախ քաղաքականացված իմաստն է, ինչպես նաև հիանալի ու, որպես կանոն, կենդանի ձայնով համերգները։
U2-ի մենակատար Բոնոն միշտ աչքի է ընկել իր էքսցենտրիզմով։ Նա կարող էր իր համերգի ժամանակ հսկայական էկրանի վրա սկսել ռազմական գործողությունների կամ էլ հեռուստահաղորդումների դրվագներ ցուցադրել, կանգնեցնել համերգն ու զանգահարել տարբեր երկրների առաջնորդների (մի անգամ նա ուղիղ հեռուստակամուրջ էր կազմակերպել այդ ժամանակ արյունահեղ քաղաքացիական պատերազմում գտնվող Հարավսլավիայի հետ), իսկ մեկ անգամ նա համերգի կեսին զանգահարեց ու բոլորի համար պիցցա պատվիրեց, և պատկերացնո՞ւմ եք՝ հենց համերգասրահ 10.000 հատ պիցցա բերեցին։
1997 թվականին իրենց Pop Mart շրջագայության շրջանակներում U2-ը համերգ տվեց իտալական հինավուրց Ռեջո-Էմիլիա քաղաքում, որին մասնակցեց շուրջ 150.000 մարդ, ու սա այն պարագայում, երբ ողջ քաղաքի բնակչությունը 167.013 մարդ էր հաշվվում։ Այս համերգի ժամանակ սահմանվեց ևս մեկ ռեկորդ. բեմի վրա տեղադրված էր հսկայական էկրան՝ 50 մետր լայնությամբ ու 15 մետր բարձրությամբ, հենց որի վրա էլ ուղիղ հեռարձակվում էր ողջ համերգը, որպեսզի հանդիսատեսը նույնիսկ ամենահետևի շարքերից կարողանա տեսնել ամեն դետալ։
4. Ժան-Միշել Ժար
Այս մարդուն կարելի է համարել էլեկտրոնային երաժշտության նախահայր։ Նա սկսել է երաժշտությամբ զբաղվել 5 տարեկանում, արդեն 20 տարեկանում նա սեփական ստեղծագործություններն էր ստեղծում, իսկ համաշխարհային հռչակ նա ձեռք բերեց իր «Oxygen» կոմպոզիցիան թողարկելուց հետո։ 1981 թվականին նա դարձավ առաջին արևմտյան արտիստը, ում թույլատրվեց հանդես գալ համերգով Չինաստանում, որի ժամանակ նա միավորեց չինական երաժշտական գործիքների հնչյուններն իր էլեկտրոնային սինթեզատորի հնչյունների հետ։ Արդյունքում նա անհավանական մասսայականություն վաստակեց Չինաստանում, իսկ նրա համերգի ռադիոհեռարձակումը լսեց կես միլիարդ մարդ։
Ժան Միշել Ժարը, ինչպես նշել էինք հոդվածի նախաբանում, հանդիսանում է ամենաբազմամարդ բաց համերգի կազմակերպիչը, ու նրա մոսկովյան ելույթին տեղում հետևել է 3.5 միլիոն մարդ, սակայն նրա ամենաբազմամարդ վճարովի համերգը տեղի է ունեցել լոնդոնյան նավահանգստում, որտեղ նրա համերգն ունկնդրել են 180.000 հոգի։
3. Փոլ Մաքքարթնի
Երբ 1970 թվականին The Beatles խումբը կազմալուծվեց, դրա մասնակիցներից ամենամեծ հաջողություններին հասավ խմբի մենակատար Փոլ Մաքքարթնին, ով 1979 թվականին ճանաչվեց աշխարհի ամենահաջողակ փոփ կատարող։ 1990 թվականին Մաքքարթնին համերգային շրջագայությամբ մեկնեց օվկիանոսի մյուս կողմ ու Մարականա լեգենդար մարզադաշտում մենահամերգների նոր ռեկորդ սահմանեց։ Նրա համերգին վաճառվեց 184.000 տոմս, իսկ ողջ շրջագայության ժամանակ նրա համերգներին մասնակցեց ավելի քան 3 միլիոն մարդ։
2. A-HA
Նորվեգական ամենահայտնի A-ha եռյակը հայտնիություն ձեռք բերեց 1980-ականներին։ 1986 թվականին նրանք մեկնեցին իրենց առաջին համաշխարհային շրջագայությանը, իսկ 80-ականներին բոլոր զույգերը համբուրվում էին հենց նրանց երգերի հնչյունների ներքո։ 1991 թվականին եռյակը շրջագայության մեկնեց Հարավային Ամերիկա, որտեղ 20 համերգ տվեց, որոնց ընդհանուր առմամբ մասնակցեց 1 միլիոն մարդ, իսկ Մարականա մարզադաշտում կազմակերպված համերգին մասնակցեց 194.000 հանդիսատես, ու այս ռեկորդը պահպանվեց 12 տարի շարունակ։
1. Rolling Stones
Բոլոր ժամանակների ամենամարդաշատ վճարովի համերգն ունեցել է բրիտանական լեգենդար The Rolling Stones ռոք խումբը։ Նրանց մասին նկարահանվել են տասնյակ ֆիլմեր, ու գրվել են հարյուրավոր գրքեր։ Նրանք կենդանի դասականներ են, ում փառքի հետ կարող է համեմատվել միայն The Beatles-ի փառքը։ Արդեն 45 տարի շարունակ նրանց ոճը չի փոխվում, բայց նրանք չեն դադարում մնալ նորաձև։
2003 թվականին խումբը համերգ կազմակերպեց կանադական Տորոնտո քաղաքում, որի նպատակն էր խթանել քաղաքի տնտեսությունն ատիպիկ թոքաբորբի համաճարակից հետո։ Այս շոուին մասնակցեց 490.000 մարդ։ Ճիշտ է, համերգին հանդես եկան նաև այլ կատարողներ, բայց քանի որ դա մտնում էր խմբի շրջագայության պլանների մեջ, այս ցուցակի պատվավոր առաջին տեղը պատկանում է հենց նրանց։ Մեկ տարի անց The Rolling Stones-ը նոր ռեկորդ սահմանեց. նրանց «A bigger bang tour» շրջագայությունը բերեց 437 միլիոն դոլարի եկամուտ ու ճանաչվեց որպես պատմության ամենահաջողակ շրջագայություն։