Այսօրվանից BlogNews.am-ը նոր խորագիր է սկսում, որի շրջանակներում իրենց ոլորտում արդեն կայացած մասնագետները խորհուրդներ են տալիս սկսնակ և ապագա մասնագետներին:

Այսօր ձեզ հետ իրենց գիտելիքներով և խորհուրդներով կկիսվեն լրագրողները: 

Ինչու ես ընտրեցի ԼՐԱԳՐՈՂԻ մասնագիտությունը


Աելիտա Չիլինգարյան

Դեռ 14 տարեկանում մասնակցեցի Ինտերնյուզ միջազգային կազմակերպության մրցույթին ու հաղթելով այն` հայտնվեցի հեռուստատեսությունում, հենց այդ ժամանակ էլ սիրահարվեցի հեռուստալրագրողի մասնագիտությանն ու հասկացա, որ դա հենց այն գործն է, որով ուզում եմ զբաղվել: Չնայած աշխատել եմ տպագիր մամուլում, ռադիոյում, համացանցային լրատվամիջոցում, միևնույն է՝ չեմ պատկերացնում, որ մի օր կթողնեմ հեռուստալրագրությունը: Լրագրությունը առանց հեռուստատեսության ինձ համար չէ:

Սոնա Աբրահամյան

Տասը տարեկանում հայտնվեցի ռադիոեթերում, որովհետև գրածս շարադրությունը Հանրային ռադիոյի մանկական խմբագրությունը հավանել էր: Ու դրանից հետո ամեն ինչ ինքնաբերաբար է կատարվել: Սկզբում սա միայն նախասիրություն էր, բայց ժամանակի ընթացքում գիտելիքներ ստանալուց ու ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում իմանալուց հետո, թե ինչ է հեռուստատեսությունը, հասկացա, որ դա ինձ հարազատ է: Ի դեպ, մենք հաճախ ստանում ենք նամակներ, որտեղ մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է հայտնվել հեռուստատեսությունում առանց ծանոթի: Մեր փորձը ցույց է տալիս, որ առանց ծանոթի հեռուստատեսությունում հայտնվել  հնարավոր է, պարզապես Հանրայինով հեղինակային հաղորդում ունենալու ու այն վարելու համար մեզնից պահանջվեց տասը տարվա  քրտնաջան աշխատանք: 



10 խորհուրդ  ապագա լրագրողներին

Լրագրող ծնվում են, թե դառնում՝ դժվար է ասել: Մենք հասկացել ենք միայն, որ մասնագիտական գիտելիքներ ստանալը բավական չէ, պետք է պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել, որպեսզի կարողանաս ունեցածդ պոտենցիալը ճիշտ ձևով զարգացնես: Մենք ոչ թե խորհուրդներ կտանք, այլ կպատմենք այն տասը սկզբունքների մասին, որոնցով ինքներս առաջնորդվում ենք հեռուստալրագրության մեջ:
 


Մենք հեռուստատեսությունում ենք մանկուց, հետևաբար ժամանակի ընթացքում հասցրել ենք սովորել ոչ միայն լրագրողի գործի նրբությունները: Հետևաբար եթե հեռուստալրագրող եք ուզում դառնալ, ապա կարևոր է ունենալ ոչ միայն լրագրողին անհրաժեշտ գիտելիքներ, այլև իմանալ կադրի կոմպոզիցիա, մոնտաժի գոնե նախնական սկզբունքներ և հիշել, որ հեռուստատեսությունում անկարևոր օղակ չկա, անգամ հանճարեղ լրագրողի գործը կարող է հավասարվել զրոյի, եթե լավ չի աշխատել օպերատորը կամ մոնտաժողը:


Պետք չէ սենսացիա կամ աղմուկ բարձրացնելու համար ներխուժել մարդկանց անձնական կյանք, որովհետև սենսացիայի մասին մարդիկ արագ կմոռանան, իսկ Ձեր հերոսները Ձեզ դա չեն ների: Անձնական կյանքի մասին կարելի է խոսել, եթե հերոսներն իրենք են դա ցանկանում, բայց նույնիսկ այդ ժամանակ պետք է ներկայացնել մարդկային պատմություններ ու ճակատագրեր և ոչ երբեք փորփրել կեղտոտ սպիտակեղենը:


Անել տնային աշխատանք: Այսինքն` ամեն նկարահանումից առաջ հստակ իմանալ` ինչի մասին ես պատրաստում հաղորդում, ովքեր են քո հերոսները` սկսած անուն-ազգանունից մինչև արած գործը: Որովհետև տգեղ է, երբ լրագրողը գնում է նկարահանման ու հարցնում իր հերոսին նրա անուն-ազգանունը:


Պետք է նկարահանման գնալուց առաջ հստակ իմանալ` ինչ կադրային լուծումներ ու ինչ հարցերի պատասխաններ են Ձեզ հետաքրքրում: Երբեք չի կարելի գնալ նկարահանման` չպատկերացնելով ապագա հաղորդումը կամ ռեպորտաժը, որովհետև այդ դեպքում կարող ես կատարել անծայրածիր նկարահանումներ ու վերջում, միևնույն է, ոչինչ չստանալ:


Պաշտոնական դեմքերին նկարահանելիս կամ ուղղակի նրանց հետ զրուցելիս աննկատ այնպես արեք, որ նրանք նստած չլինեն իրենց աշխատանքային սեղանի շուրջ: Այն պահին, երբ պաշտոնյան դուրս է գալիս իր աշխատանքային  տեղից, պաշտոնական պատասխանների փոխարեն ապահովում է Ձեզ մարդկային զրույց ու հետաքրքիր պատասխաններ:


Իմանալ տեղեկատվություն ստանալու ռեսուրսները: Տեննիկայի զարգացման այս ժամանակաշրջանում լրագրողն իրավունք չունի չիմանալ` ինչպես օգտվել համացանցից, փնտրել ինֆորմացիա ու գտնել այն:


Լրագրողը պետք է լինի կոկիկ հագնված ու խնամված: Չխնամված լինելն ու սեփական հագուկապին չհետևելը դեռ խելացիության ցուցանիշ չէ, որովհետև լրագրողին դիմավորում են` ուշադրություն դարձնելով արտաքինին, իսկ ճանապարհում են` գնահատելով խելքը:


Ունենալ համոզելու տաղանդ: Լրագրողի գործը մարդկանց հետ լեզու գտնելու ու նրանցից պատասխաններ ստանալու վրա է հիմնված, հենց դրա համար ամեն մեկը պետք է գտնի իր մոտեցումը: Մեկը դա կարող է անել մարդկային կոնտակտ հաստատելով, մյուսը` պաշտոնական մակարդակում շփվելով, կարևոր է ուղղակի լեզու գտնել մարդկանց հետ:


Նկարահանումից առաջ հերոսներին երբեք ցույց չտալ հարցերի շարքն ու սեփական նշումները: Կարելի է ուղղակի պարզաբանել ու ներկայացնել այն թեմաները, որի շուրջ լինելու է զրույցը, բայց ոչ երբեք ամբողջական հարցաշարը:


Ու ի վերջո, պետք է միշտ հիշել, որ գործ ունես խելացի, կրթված ու բանիմաց հեռուստադիտողի հետ: Երբեք պետք չէ թերագնահատել այն մարդկանց, ովքեր նստած են էկրանից այն կողմ: Մեր փորձն ապացուցել է, որ ռեյտինգային կարող է դառնալ յուրաքանչյուր թեմա, եթե այն հետաքրքիր ու պրոֆեսիոնալ է պատրաստված:


Աելիտա Չիլինգարյանն և Սոնա Աբրահամյանը վարում են «Մասնագիտությունը՝ լրագրող»   հաղորդումը Հանրայինի եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել