<<Եթե միայն նա իմանար . . .>> (հատված կյանքի հատվածից)
Այսօր սովորականի պես զբոսնում էի այգում և վայելում էի մենակությունը ու կարճատև փախուստս աշխարհից: Վերջում որոշեցի մի քիչ միրգ հավաքել ու ծաղիկներից տուն տանել ու կանգ առա մի պահ: Գիտե՞ս ինչու: Ես հասկացա երազանքս: Երանի այդ պահին դու լինեիր այդտեղ . . . ես ուզում եմ տեսնել, թե դու ինչպես ես հասկանում ամեն մրգի համը . . . քա՜ղցր . . . թթո՜ւ . . . դրանք ընդամենը բառեր են, իսկ համերը ամեն մեկս յուրովի ենք հասկանում . . . ուզում եմ զգամ քո հասկացածը . . . ուզում եմ ճանաչեմ բնության քո տեսակը . . . Իմ այգում տարբեր ծաղիկներ կան: Քո համար են նրանք ծաղկել: Ուզում եմ տեսնել, թե ոնց ես ծաղկում ամեն ծաղկի բույրից` ամեն անգամ նորովի: Ուզում եմ ապրել . . . ապրել, թե ինչպես են աշնան խոնավ օդից, չորացող ծաղիկների բույրից, ամեն մրգի համից, մեր խոսուն լռությունից փայլում աչքերդ, թե ինչպես ես ժպտում, ինչպես են աչքերդ ասում. << Ես սիրում եմ աշխարհը, սիրում եմ այս կյանքը, ուզում եմ կյանքս ապրել այս վարկյանում . . . սիրում եմ քեզ . . . շնորհակալ եմ . . .>>, իսկ ես կնեղանամ քո այդ <<շնորհակալ եմ . . .>>-ից: Ախր ես ոչինչ չեմ արել, այդ դու ես արել . . . բնությունն է արել ամեն ինչ . . . Միշտ քեզ սպասել եմ: Դեռ այն ժամանակ, որ դու ծնված չէիր: Սպասել եմ, հանդիպել եմ . . . նվիրվել եմ . . . սիրում եմ . . . սիրում եմ սիրով, որ մեկնաբանում է համերն ու բույրերը, գույներն ու երգերը աշխարհի . . . որ ցավացնում է, բայց պարտադրում է հուսալ, որ կոտրում է, բայց ծնկի չի բերում, որ թախիծ ունի անսահման, բայց այնքա՜ն գույներ և այնքա՜ն իմաստ . . .
Գիտե՞ս սիրելիս ես մի բան եմ հասկացել: Կյանքում ամենամեծ դասը, փորձությունը տառապանքը է: Մենք տառապում ենք սիրուց, կորստից, անարդարությունից, բախտի <<նվերներից>>: Տառապանքը մեր կյանքի ամենկարևոր ու հավերժական քննությունն է և այն պարտադիր բոլորն են հանձնում. ուղղակի մեկը տառապանքից ավելի իմաստուն է դառնում, մյուսը` չարանում: Երանի՜ այն սրտին, որ տառապել է ու չի չարացել: Հազա՜ր երանի: Բայց տառապանքից չչարանալն էլ բավարար չէ: Մենք պետք է այնքա՜ն զգույշ լինենք, որ իմաստության ճանապարհին չվնասենք մեզ և մեր հարազատներին: Քանի՜ քանիսն են կյանքի դասերը սերտել, բայց ապրել . . . ապրել չեն հասցրել:
Ես սկսել եմ ավելի շատ վախենալ բաներից, որոնցից չեն վախենում: Իսկ մյուսների վախը օտար է ինձ համար և սկսել եմ չհասկանալ դրանք: Վախենում եմ շատ <<տեսնելուց>>, զգալուց այն ինչ չի կարելի: Վախենում եմ, որ հետո հասկանամ, որ դու չես էլ եղել . . . միայն թե քեզ էլ ես հորինած չլինեմ: Վատից ու ցավից չեմ վախենում, վախենում եմ երջանկությունից . . . իմ երջանկությունից վախենալ պետք է . . . Աստված է միայն կատարյալ, իսկ իմ երջանկությունը ամենամոտն է կատարյալ կոչվելուն . . . Պայքարելուց չեմ վախենում, նույնիսկ պարտվելը վախենալու չէ` վախենալ պետք է այն պայքարներից, ոչ մինչև պայքարելն ենք պարտվում . . . չգիտեմ, այսպես սիրու՞մ են . . .
Այս ամենում մեղք չկա, բայց կա մեղավոր: Ես այդպես էլ չեմ հասկանա. ինձանից խելոքները չեն հասկացել, ես ինչպե՞ս հասկանամ : Այդ դո՞ւ էիր մեղավոր, թե՞ աչքերդ էին այդքան անմեղ . . .
Սիրում եմ քեզ . . .
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=323255377772645&set=a.304584646306385.64497.100002645574961&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել