
Մեդիա ոլորտում բարեփոխումներն անխուսափելի են դառնում. ասելիք ունեցող հեռուստատեսություն, թե զվարճալի շոու, ազգովին խեղկատակություն ու խամաճիկությու՞ն ենք քարոզում, թե՞ սերունդ ենք դաստիարակում, արժեքներ վերաիմաստավորում, ճաշակ ենք ձևավորում, թե ռաբիզ մտքեր ու էժանագին էմոցիաներ ենք փաթաթում առանց այդ էլ դժվար կողմնորոշվող հասարակության մի մեծ զանգվածին: Երբեմն տպավորությունն այնպիսին է, կարծես Հայաստանը բացի մոդելներից, երգչիստդերասաններից ու ծաղրուծանակի ծակ պրոֆեսորներից բացի այլ մասնագիտությունների կարիք չունի: Ասում եք վարկանի՞շ, իսկ ես ձեզ ասում եմ կեղծ արդարացում: Ուղղակի մեկը անում է մի բան, հազարը կրկնում են: Ես հասկանում եմ, որ կրկնությունը գիտության մայրն է, բայց սա չէ այդ դեպքը: Գիտեք ես տրավմա եմ ստանում միայն այն մտքից, որ այսօրվա միջին վիճակագրական առողջ երիտասարդի ուշք ու միտքը միայն սերիալում նկարվելն ու ֆեյսբուքում նկարներ փակցնելն է: Ախր տաղանդ կա, տվյալներ կան, կոչում կա: Գուցե նրանցից ավելի լավ բժիշկ ու գիտնական դուրս գար, կամ ասենք լավ մեխանիկ ու շինարար: Շատ հարգի մասնագիտություններ կան, ինչու ենք մենք միայն քարոզում վերը նշվածները, և դա անում է ամենաազդեցիկ մեդիան՝ հեռուստատեսությունը: Լացուկոծ, ճղճիմ ու անբնական առօրեականություն, ծեծված ֆորմատներ ու թխած, փչած հաղորդումներ, էլ չեմ խոսում մանկական հոգիներն ու երազանքները պղտորելու մասին: Իսկ այս ամենի ենթատեքստը, պարզվում է, շահն է, զուտ կոմերցիոն շահը: Եկեք, ինչպես ասում են, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, եկեք հասկանանք, թե ինչ մասնագիտությունների պահանջարկ ունի այսօր մեր երկիրը, ու այս համատարած կաստինգամանիան գուցե ուղղորդենք ավելի հետաքրքիր ոլորտներ ու բնագավառնե՞ր: Մտածեք մեդիաուղեղներ, մտածեք…. Ի դեպ, ես սա ինձ էլ եմ ասում…