Ամեն մարդ իրա հոգու խորքում պիտի մի քիչ Հյուսիսային Կորեա լինի: Ունենա սեփական ինքնակառավարման ուրույն մոդելը, ինքնաբավ տնտեսություն ու ատոմային զենք: Այսինքն՝ պիտի կարողանա կառավարել սեփական զգացմունքները, չսպասի, որ իրեն երջանկացնեն, ու ունենա բավականին ագրեսիա, որ մարդիկ նույնիսկ մտքներով անց չկացնեն, որ կարող են իրեն նեղացնել: Ասածս բնավ չի նշանակում, որ մտածում եմ, որ ճիշտ կլիներ՝ բոլոր մարդիկ էդպես ապրեին, բայց ցանկացած ժամանակ ամենաերջանիկ մարդն էլ կարող է հայտնվել շրջափակման մեջ, ու այդ ֆորսմաժորային իրավիճակում ով կարողանում է փակվել սեփական եսի մեջ ու ինքն իր մեջ գտնել էն ամեն ինչը, ինչ լավ, թե վատ երջանկացնում է, կարող է որոշ ժամանակով փակել դիվանագիտական բոլոր խողովակներն ու հանգիստ ապրել: Մարդիկ լույս աշխարհ են գալիս մենակ, որը թույլ է տալիս մտածել, որ ցանկացած մարդու մեջ ի բնե դրվում է մենակ երջանիկ լինելու պոտենցիալը: Ոչ ոք պարտավոր չէ երջանկացնել ոչ ոքի, ու երբ հայտնվում է մեկը նման պատրաստակամությամբ, դա միայն բարի կամքի դրսևորում է կամ սեփական երջանկությունը գտնելու արդարացված միտում: Ի վերջո, յուրաքանչյուրը, ով հայտնվում է քո կյանքում, այս կամ այն չափով շահ է հետապնդում, ու դա նորմալ է և արդարացված, քանի որ առանց շահերի համընկնման ոչ մի հարաբերություն հնարավոր չէ, ու կապ չունի՝ այդ շահերի համընկնումը սիրած ֆիլմը կամ գիրքն են, թե, ասենք, բիզնեսը:
Ես ապրում եմ կյանքով, որում երջանիկ եմ, չեմ պատրաստվում ստանձնել որևէ մեկին երջանկացնելու պատասխանատվությունը: Ես ապրում եմ էնպես, ինչպես ապրում եմ, ու եթե կհայտնվի մեկը, ով իմ կողքին երջանիկ կզգա, ուրեմն միասին երջանիկ կլինենք: Անձնական հարաբերություններում երջանկությունը մի հոգու գործ չէ. պիտի հայտնվեն իրար կողքի երկու ինքնաբավ մարդ, ում շահերը համընկնեն երջանկության հարցում, ու ինքնաբերաբար հասկանան, որ, չէ՛, էլի երջանիկ ենք առանց իրար, բայց միասին ավելի երջանիկ կլինենք, որովհետև մեր լոկալ երջանկություններն իրար չեն խանգարում, այլ ինչ-որ չափով նույնիսկ համընկնում են ու փոխլրացնում միմյանց: Մնացած այսպես կոչված փոխզիջումներն ու իրար հարմարվելը պիտի լինի ինքնակամ, մոտեցումների բնականոն էվոլյուցիոն փոխկերպման միջոցով, ողջամիտ շահերի համընկնման կոնտեքստում: Մարդ, ով սեփական առաքելությունն այս կյանքում տեսնում է ուրիշին երջանկացնելու մեջ, պաթոլոգիկ ու անոմալ երևույթ է ինքնին ներկայացնում իրենից: Բոլոր նորմալ մարդիկ առաջին հերթին պետք է մտածեն սեփական երջանկության մասին, որից կճյուղավորվի շրջապատող մարդկանց երջանկությունն այս կամ այն չափով:
Հ.Գ.Ցնդած ֆեյսբուքահայը ներողություն է խնդրում երկար-բարակ ծավալվելու համար, բայց դե էնպես է, որ յուրաքանչյուր մարդ ազատ է կարդալու, ընդունելու կամ չընդունելու նրա տեսակետը:
Երջանիկ եղեք ու ինքնաբավ, և գլոբալ երջանկությունն իր ոտքով կգա ու կխցկվի Ձեր կյանք՝ ուզեք, թե ոչ:
Բարի օր բոլորին։