«Հայաստանյան շուկայում տրանսպորտային միջոցների քանակն արագորեն համալրվում է: Միայն վերջն երեք տարիներին ներկրվել է ավելի քան 122 հազար ավտոմեքենա: Ռեկորդային է հատկապես 2014 թվականը: Առաջին անգամ բերված տրանսպորտային միջոցների թիվը գերազանցեց 46 հազարը:
Դրանով հանդերձ, դանդաղել է ներմուծման աճը: 2013թ. տրանսպորտային միջոցների ներկրումն ավելացել էր 18,5 տոկոսով, ապա անցած տարի եղել է 11,5 տոկոս: Փոփոխությունը պայմանավորված է հիմնականում տարեվերջին արձանագրված դրսևորումներով: Անցած տարվա վերջին եռամսյակում ավելի քիչ տրանսպորտային միջոց է ներկրվել Հայաստան, քան 2013թ. նույն ժամանակահատվածում: Տարբերությունը հասնում է 2,4 հազարի:
Տարեվերջին տրանսպորտային միջոցների ներմուծման դանդաղումը կապված էր առաջին հերթին ֆինանսական շուկայի դրսևորումների և անկայունության հետ: Մի բան, որ որոշակի սպասումներ առաջացրեց ներկրողների շրջանում: Մյուս կողմից՝ զգալ տվեց նաև տարեսկզբին գրանցված ռեկորդային ակտիվությունը:
Այն բանից հետո, երբ հայտարարվեց Եվրասիական տնտեսական տարածքին միանալու մասին, տրանսպորտային միջոցների հոսքը կտրուկ ավելացավ: Ինչպես հայտնի է, սկզբնական շրջանում դեռ հայտնի չէր, թե Հայաստանը ինչ պայմաններով մաս կկազմի նոր տնտեսական տարածքին: Հաշվի առնելով միությունում գործող բարձր մաքսատուրքերը, բազմաթիվ քաղաքացիներ որոշեցին իրենց ապահովագրել հետագա թանկացումներից՝ իրականացնելով տրանսպորտային միջոցների ակտիվ ներկրում:
Դրա հետևանքով անցած տարվա առաջին կիսամյակում արձանագրվեց Հայաստան բերվող տրանսպորտային միջոցների քանակի 40 տոկոսանոց աճ: Իհարկե հաջորդող շրջանում վիճակը սկսեց աստիճանաբար կայունանալ: Զուգահեռ նվազեց նաև աճի տեմպը, ինչը տարեվերջի երեք ամիսներին հանգեցրեց նույնիսկ ներկրման ծավալների անկման: Եթե 2013թ. չորրորդ եռամսյակում Հայաստան էր բերվել ավելի քան 12,9 հազար տրանսպորտային միջոց, ապա անցած տարի 10,5 հազարի սահմաններում էր»,–գրում է թերթը։