Մի գազանանոցում առյուծին պահում էին այնպիսի նեղ վանդակում, որ կարողանում էր միայն մի կողմի վրա չորս քայլ անել, հետո շուռ գալ և չորս քայլ էլ հետ գալ: Այսպես նա քայլում էր վանդակում օրերով: Այցելուները կարեկցում էին առյուծին և ասում՝ «Ինչքան երջանիկ կլինի նա, եթե ազատության մեջ լինի»:
Ժամանակն անցավ, գազանանոցը որոշեցին վերանորոգել և բոլոր կենդանիների համար մեծ և ընդարձակ մետաղավանդակներ պատրաստեցին: Այնտեղ շատ կանաչ կար, իսկ առյուծի վանդակում՝ նույնիսկ լողավազան: Գազանանոցի աշխատողները մտածում էին, որ երբ առյուծին իր նեղ վանդակից տեղափոխեն այնտեղ, նա շատ կուրախանա: Եվ ահա երկար սպասված օրը եկավ: Առյուծին մտցրեցին մի շատ նեղ վանդակ, որով տեղափոխեցին իր նոր կացարանը: Նույնիսկ գտնվելով տեղափոխման վանդակի մեջ՝ առյուծը հնարամտորեն կարողանում էր իր պարտադիր չորս քայլերն անել: Վերջապես նրան բաց թողեցին իր նոր, ընդարձակ վանդակում: Առյուծը նայեց շուրջը, զգուշությամբ քայլ արեց, երկրորդը, երրորդը, չորորդը… Եվ շրջվելով՝ նորից արեց չորս քայլ դեպի հետ:
Նա այդպես էլ չհասկացավ, որ վանդակի ճաղերը, որոնք նախկինում սահմանափակում էին նրա ազատությունը, հիմա գոյություն ունեն միայն իր երևակայության մեջ: Սակայն նրա հիշողության մեջ եղած ճաղերն ավելի ամուր դուրս եկան իրական ճաղերից: Այդպես էլ առյուծը մինչ օրս քայլում է իր ահռելի վանդակում՝ չորս քայլ առաջ և չորս քայլ հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/777461629008833?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել