Մեծարգո պարոն Գասպարյան, մի քանի ամիս է, ինչ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը զբաղվում է հասարակական վայրերում կրոնական քարոզ իրականացնելով՝ դրանով իսկ խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, որի 
Գլուխ 3–ում հստակ սահմանված է կրոնական կազմակերպությունների իրավունքները:
Իսկ նույն գլխի հոդված 7-ում նշվում է՝
ՀՈԴՎԱԾ 7. գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով: 
Եհովայի վկաները միանշանակ խախտում են վերոհիշյալ օրենքը, քանի որ փողոցը նշված չէ որպես կրոնական ժամերգությունների, ծեսերի և արարողությունների համար նախատեսված տարածք, իսկ այլ հավաքներ անցկացնելու համար անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվությունը, որը նրանք չունեն։ Այսպիսով՝ նրանք խախտում են օրենքը, քանի որ համաձայն վերոհիշյալ կետերի՝ նրանց գործողություններն անօրինական են։
Բացի այդ՝ այս կազմակերպությունը Հայաստանի տարածքում բաժանում է մի գրականություն ռուսերեն լեզվով, որն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես էքստրեմիստական գրականություն։ 
Բացի այդ՝ տեղյակ ենք, որ Եհովայի վկաներն իրենց գործունեությունը համարում են օրինական՝ նշելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Եհովայի վկաներին տրված Սահմանադրությամբ տրված իրավունքները բացարձակ չեն, այլ որոշակի դեպքերում նախատեսված է սահմանափակում: Ահա այդ սահմանափակումը, որն անմիջապես հաջորդում է նրանց տրված իրավունքին: Խոսքը գնում է Սահմանադրության հենց նույն հոդվածի 2-րդ պարբերության մասին է. Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Պետք է ուշադրությունը հրավիրվի այն փաստին, որ նրանց նշված իրավունքների մի մասը («դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը») օրենքով արդեն իսկ սահմանափակված է, քանի որ «Կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին» օրենքով նրանք դրա իրավունքն ունեն միայն իրենց պատկանող, նաև իրենց հատկացված վայրերում, բայց ոչ հասարակական վայրերում: 
Մեր խնդրանքն է, որպեսզի դուք հետամուտ լինեք, և միայն օրենքով նախատեսված վայրերում կրոնական կազմակերպություններն իրականացնեն իրենց քարոզը:
Հարգանքներով՝ «Ազգային Արժեքների Պահպանման Ճակատ» հասարակական կազմակերպության նախագահ Սևան Աղաջանյան և «Սոցիալիստական շարժման» նախագահ Ռոբերտ Ահարոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել