Հարց`

Վիժել եմ 5 շաբաթական ժամկետում: Անցել է արդեն 1 ամիս, ու սկեսուրս ասում է, որ կարելի է էլի հղիանալ, բայց ես վախենում եմ: Բա որ էլի կրկնվի՞: Ընկերուհիս արդեն 2-րդ հղիությունն է այդպես կորցրել: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, ես ի՞նչ անեմ հիմա:

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

Վաղ ինքնաբեր վիժումը հղիության ինքնաբեր ընդհատումն է մինչև 12-րդ շաբաթը: Ցավոք, դա շատ տարածված խնդիր է ժամանակակից բժշկությունում, քանի որ հղիությունների 20-25%-ն ավարտվում է վիժմամբ: Եթե վիժումը մի անգամ է տեղի ունեցել, ապա դա, ամենայն հավանականությամբ, բնական ընտրության և/կամ անբարենապաստ գործոնների ազդեցության արդյունք է: Անհրաժեշտ է անպայման դիմել գինեկոլոգի ու պարզել պատճառը, որպեսզի հետագայում դա չկրկնվի: Ժամանակակից կինը, ելնելով ֆինանսական ու սոցիալական պատճառներից, ծննդաբերում է 1-2, շատ հազվադեպ 3 անգամ, հետևաբար յուրաքանչյուր հղիությանը պետք է վերաբերվել շատ լուրջ ու լինել հետևողական: Վաղ ինքնաբեր վիժման հիմնական 3 պատճառներն են.

1. Քրոմոսոմային անոմալիաները, որ զարգանում են բեղմնավորումից հետո. պտղի զարգացումը կանգնում է, և մոր օրգանիզմը մեխանիկորեն «ազատվում է» անառողջ պտղից: Անոմալիաների պատճառ որպես կանոն հանդիսանում են ալկոհոլը, ծխախոտը, վատ էկոլոգիան ու որոշ դեղորայքներ:

2. Մոր ինֆեկցիոն հիվանդությունները:

3. Հորմոնալ պաթոլոգիան, ինչը կարելի է կարգավորել, եթե նախօրոք պարզվի հորմոնի «ավել կամ պակասությունը» և շտկել: Ինչպես նաև իմունոլոգիական անհամատեղելիությունը, սթրեսը և այլն: Ինչ մնում է հետագա հղիության պլանավորմանը, ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում հղիանալ մոտակա 5-6 ամսում, քանի որ այդ ընթացքում օրգանիզմը պետք է հասցնի վերականգնվել վիժումից հետո: Ու մի բան էլ՝ անհրաժեշտ է լավ տրամադրվել. դա իր հերթին կանխարգելիչ մեթոդ է վիժման համար, քանի որ ապացուցված է` ինչքան հղի կինն անհոգ է, ուրախ ու քիչ է մտածում վատ բաների մասին, այնքան նրա մոտ հղիությունն ավելի հանգիստ ու առանց հնարավոր բարդությունների է անցնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել