Newsline.am-ը գրում է․

Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Կիևին նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանին արտահանձնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում կատարելով Վրաստանի Գլխավոր դատախազությանը:

«Պայմանավորված այն հանգամանքով, որ Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլիի դեմ մեղադրանք է հարուցված, որի առնչությամբ նրա նկատմամբ երկրում ներպետական հետախուզում է հայտարարված, Վրաստանի Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը՝ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու մասին», - ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան և Վրաստանը արտահանձնման մասին միջպետական համաձայնագիր ունեն, ուկրաինական կողմը չի համագործակցում վրացական կողմի հետ՝ Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման հարցում և հրաժարվում է այն իրականացնել:

Նշենք, որ փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահի՝ արտաքին հարցերով խորհրդականների խորհրդի ղեկավարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի պաշտոնը Միխայիլ Սաակաշվիլին թողել է 2013 թվականի աշնանը: Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել