Աշխարհն առաջ շարժող ամենամեծ ուժը սերն է, իսկ սիրո խոստովանությունը՝ կյանքում ամենակարևոր դրվագներից մեկը: Երբ հեռավորությունը միաձուլվում է երևակայության հետ, օգնության է գալիս հնարամտությունը: Սիրո մասին խոսելիս զինվորները չեն թաքցնում իրենց զգացմունքները, հուզվում են, քաղցրաժպիտ տրամադրությունը փայլում է նրանց դեմքին, մտքով հեռանում են զինվորական իրականությունից:

Սիրո տոնի, սիրո խոստովանության հետ կապված են ամենահետաքրքիր պատմությունները, որոնց հերոսները զինծառայողներն են: Ահա այդ պատմություններից մի քանիսը:

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ծառայող կրտսեր սերժանտ Արմեն Մկրտչյանը խոստովանել է, որ ծառայությունը ստիպել է իրեն վստահություն ձեռք բերել, իսկ սիրո տոներն առիթ են մի անգամ ևս անակնկալով ուրախացնելու սիրելի աղջկան:

-Սերն ինձ համար հանելուկ է, փնտրում ես պատասխանն ու չես գտնում, սակայն որոնումների ընթացքում քիչ առ քիչ սկսում ես բացահայտել նրա գաղտնիքը,- ասում է կրտսեր սերժանտը:

Արմեն Մկրտչյանը պատմում է, որ սիրո տոների կապակցությամբ սիրելի աղջկա համար պատվիրել էր մի քանի փոստատարի, որոնք մուլտֆիլմի հերոսների կերպարանքով սիրո խոստովանական նամակներ են փոխանցում սիրահարներին, քսան հեքիաթային հերոսի տեսքով քսան ծրար հանձնել իր սիրելիին: Նամակներ, որոնցում սիրո խորհրդանիշ դարձած գեղարվեստական ստեղծագործությունների հերոսները պատմել են Արմենի զգացմունքների մասին:

- Նամակներում ես խոստովանում էի, որ կարոտն ավելի է բորբոքում սերը, որ սերը պարտավորեցնում է ավելի լավ և նվիրված ծառայել, հպարտ լինել,- անկեղծանում է Արմեն Մկրտչյանը:

Արմենի անակնկալը հուզել է աղջկան. նա երդվել է, որ կսպասի իր սիրած զինվորին:

- Իմ կյանքը նրա ծիծաղն ու ժպիտն է,- ասում է Արմենը:-Նրան մաղթում եմ մեծ և անմոռաց սեր:

Սահմանին ծառայող կրտսեր սերժանտ Սոս Խաչատրյանն էլ ցանկացել էր սիրած աղջկան իր ձեռքով պատրաստած զարդատուփ նվիրել: Գործը գլուխ բերելու համար նրան օգնության էին հասել ընկերները:

-Երբ հեռու ես, ավելի ես կարոտում, ուզում ես անընդհատ մի նոր բանով ուրախացնել նրան: Ազատ ժամանակս ամբողջովին տրամադրում էի փայտից զարդատուփ պատրաստելուն: Շատ ժամանակ էր խլում, որովհետև ձեռքի մանրակրկիտ աշխատանք էր պահանջում: Սուրբ Սարգսի տոնին գրեթե պատրաստ էր, բայց ուղարկելն ինչ-ինչ պատճառներով ուշանում էր: Զանգեցի ընկերներիս ու խնդրեցի, որ ամեն գնով անպայման նոր զարդատուփ գլուխ բերեն: Ամբողջ գիշեր ընկերներս չէին քնել, միասին հորինել-ստեղծել էին զարդատուփն ու հաջորդ օրը նվիրել էին իմ սիրելի էակին: Փոխարենը ոչինչ չէին հասցրել պատրաստել իրենց ընկերուհիների համար: Ես իհարկե չասացի, որ զարդատուփի հեղինակը ես չեմ, որովհետև չէի ուզում նրան հիասթափեցնել ու տխրեցնել,- խոստովանում է Սոս Խաչատրյանը:

Ծառայության ընթացքում մատուցված անակնկալները սիրող զույգերի համար ամենահետաքրքիրն են ու հիշվողը: Ռոման Մանուկյանն արդեն զորացրվել է ու տանն է, սակայն մեծ ոգևորությամբ է պատմում այն անակնկալի մասին, որ բանակում եղած ժամանակ պատրաստել էր ընկերուհու համար:

-Մոտ մեկ տարվա ծառայող էի. թղթերից պատրաստել էի 12 սիրտ, որ փոքրանալով ամրանում էին միմյանց և հավաքվում մեկ ամբողջության մեջ: Դրանցից յուրաքանչյուրի վրա գրել էի ամեն ամսվա հետաքրքիր իրադարձությունները, գունավորել: Հիմա էլ այդ գրածները հետաքրքրությամբ ենք կարդում ու հիշում, – պատմում է Ռոմանը:

Ահա այսպիսին են մեր զինվորները՝ ոչ միայն խիզախ, այլ նաև սիրառատ, նրբանկատ և հնարամիտ:

Անի ԶԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել