Ադրբեջանում խուճապային վիճակ է՝ կապված Կենտրոնական բանկի երեկվա այն հայտարարության հետ, համաձայն որի՝ մանաթի փոխարժեքն այսուհետ չի կապվելու ամերիկյան դոլարի հետ: Այսօր՝ արդեն կեսօրին, արտարժույթի փոխանակման բոլոր կետերում սպառվել են դոլարի և եվրոյի պաշարները, քանի որ Ադրբեջանի բնակիչները ԿԲ-ի հայտարարությունից հետո որոշել են ձերբազատվել ազգային արժույթով կուտակումներից՝ այդ կերպ ստեղծելով արտարժույթի դեֆիցիտ և, որպես տրամաբանական արդյունք, մանաթի արժեզրկում: Ընդ որում, արդեն հստակ կարելի է պնդել, որ սա գործընթացի միայն սկիզբն է, քանի որ միայն հունվարին մանաթի կուրսը պահելու նպատակով Ադրբեջանի ԿԲ-ն ծախսել է շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, նավթի գնանկման արդյունքում Ադրբեջանի պետբյուջեին հասցված վնասն արդեն իսկ գնահատվում է շուրջ 4 մլրդ դոլար, ինչի արդյունքում որոշում է կայացվել շուրջ 30%-ով կրճատել բյուջետային աշխատողների թվաքանակը: Ճիշտ է, մասսայական խուճապից խուսափելու համար պետական կառավարման մարմիններին հրահանգ է տրվել կրճատումները բացատրել ոչ թե տնտեսական դժվարություններով, այլ կառավարման էֆեկտիվության բարձրացմանը կոչված բարեփոխումների փաթեթով: Այսուհանդերձ, հաշվի առնելով արդեն այսօր ստեղծված աժիոտաժային վիճակը, կարելի է ենթադրել, որ իրավիճակը վերահսկելու փորձերը գրեթե դատապարտված են, և Ադրբեջանը կանգնած է տնտեսական ու սոցիալական պայթյունի շեմին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/972579799432781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել