Դեռևս չեմ հանդիպել այնպիսի մի նյութի,որը պատմի քույր ու եղբայր չունեցող մարդկանց մասին : Որոշեցի ինքս անդրադառնալ այս հարցին, քանի որ , ցավոք , հասարակության մեջ կան մի քանի սխալ  կարծրատիպ դարձած տեսակետներ  ,որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը :  Այս թեմային կանդրադառնամ հենց իմ  անունից, քանի որ ինքս էլ տան միակ երեխան եմ : Այնպես որ այն , ինչ գրելու եմ հիմա , ես հստակ զգացել եմ ու զգում եմ , սրանք  օդից վերցված եզրակացություններ չեն: Սրանք ամենօրյա իմ  զգացմունքներն են, իմ կյանքն է:
 Հավատացեք, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է մենությունը :  Իմ պես  մարդկանց համար մենությունը ճակատին գրված մի բան է : Դա մեր կյանքի անխախտելի մի մասն է կազմում դեռ փոքրուց : Փոքր տարիքում  այն ավելի է զգացնել տալիս , որովհետև քեզ  շնչավոր անձ է պետք, ոչ թե իրեր , դու մարդկանց կարիք ունես: Փոքր ժամանակ նախանձում էի ընկերներիս . նրանք քույրեր ու եղբայրներ ունեին ու նրանց հետ էին խաղում  : Իսկ ես մենակ էի : Ու դրա համար փոքրուց ձեռք բերեցի հետաքրքիր բնավորություն . ես իրերի հետ եմ խոսում :  Փոքր ժամանակ իրերի հետ էի շփվում : Հյուրասենյակ մտնելի բարևում էի հեռուստացույցին , սենյակում խոսում էի պատիս ու ժամացույցի հետ...Ծիծաղելի է, չէ՞ :
Բայց սա իմ կյանքն է : Մինչ այսօր ես իմ իրերին անուններ եմ տալիս ու մարդու պես խոսում  եմ նրանց հետ , խնամում եմ. շատ ուշադիր եմ նրանց նկատմամբ : Օրինակ իմ կիթառը կրում է Բուբլիկ անունը, նոթբուքիս էլ կնքել եմ Զյաբլիկ անունով : Ուրախ անուններ ունեն իմ  անշունչ ընկերները))))  Սա տարօրինակություն է ,որը  ինձ է մնացել փոքրուց : ՈՒ ես սիրում եմ այդ տարօրինակությունը )))
Ընկերներս միշտ ասում են, որ  իրենց ՛՛քույր-եղբայր՛՛ կռիվներում ես  անտանելի վատ խորհրդատու եմ ))) Ու ճիշտ են ասում : Ինչքա՜ն ուզում եք բացատրեք ինձ կռվի պատճառը՝ ես չեմ հասկանում : Ես  չեմ զգացել դա, ես չգիտեմ, թե ինչ է նշանակում . ՛՛եղբայրս չի թողնում էն սև  զգեստը հագնեմ՛՛ կամ ՛՛քույրս սենյակս թափռտել ա՛՛ : Ես իրոք չեմ հասանում : Ու նման դեպքերում ես իրոք ընկերներիս համար անպետք եմ լինում: Ես ընդհանրապես  չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մեր տանը ինձնից բացի ևս մեկը լինել :  Կներեք, բայց ես դա իրոք չեմ պատկերացնում ՝ ինչքան էլ տարօրինակ է:
Միշտ ասում են.՛՛Սյու՜ն, երնեկ քեզ : Քո առանձին սենյակն ունես, ամեն ինչ քոնն ա,  ինչ ուզում ՝  անում ես : Ես էլ կուզեի ՛՛ :  Իսկ ես միշտ երազել եմ ինձնից մեծ եղբայր ունենալու մասին : Երկուսից չորս տարի մեծ : Հա , հա , հայ աղջիկները սարսափում են իրենց եղբայրներից ու նրանց չեն գնահատում : Բայց ես  զգում եմ, որ եթե եղբայր ունենայի , մենք շա՜տ կապված էինք լինելու : Հիմա կհակառակվեք , կասեք որ չունեմ, դրա համար եմ ասում : Բայց ոչ , ես անբացատրելի համոզմունք ունեմ իմ մեջ, որ եթե մեծ եղբայր ունենայի ՝ իմ կյանքում առաջին տեղն էր զբաղեցնելու :

Իրականում տան միակ երեխա լինելը ոչ վատ է , ոչ ՝ լավ : Դա ուղղակի   այդպես է : Այդպես է ու վերջ : Ես տան միակ երեխան եմ ու դրա համար պետք չէ ոչ տխրել , ոչ էլ ափսոսալ:
Սխալ կարծիք  տան միակ երեխաների մասին . այդպիսի երեխաները եսապաշտ են լինում :
Հենց այսպես մտածելով շատերը ինձ նույնիսկ չտեսած կարծում են , թե ես  եսապաշտ եմ, քանի որ ինձ ոչ ոք  ոչնչում չի մերժել:
Ես եսապաշտ չեմ , ես էգոիստ եմ: Սրանք տարբեր  բաներ են : Ամեն մարդ պետք է էգոիստ լինի , այսինքն՝ եսասեր : Միգուցե ինձ մոտ էգոիզմի չափաբաժինը միքիչ շատ է , բայց  այնուամենայնիվ ես եսապաշտ չեմ:
Իրականում այստեղ կարևոր է ոչ թե տան միակ երեխան լինելը, այլ ստացած դաստիարակությունը : Տան միակ երեխա ունեցող ընտանիքի  համար դաստիարակության ձևը կրկնակի անգամ կարևոր է , քան մի քանի երեխաներ ունեցող ընտանիքում  :
Իմ ծնողները նախ և առաջ իմ ընկերներն են : Ես նախ և առաջ նրանց որպես ընկեր եմ ընդունում, հետո նոր որպես ծնող: Փոքր ժամանակ հորս հետ էի բարձերով կռվում, մորս հետ էի ՛՛տուն-տունիկ՛՛ խաղում : Մինչև հիմա էլ իմ ծնողների հանդեպ ես նախ որպես  ընկեր եմ հավատարիմ,  հետո նոր որպես զավակ:   Ես հավատարիմ ընկեր եմ իմ ծնողների համար :
Ես տան երեխան երբեք չեմ եղել , ինձ հեռու չեն պահել  տան անցուդարձից :  Ես գիտեի, թե  տանը մեր գումարը որտեղ է դրված . միշտ ունեի հնարավորություն ուղղակի գնալու ու վերցնելու , մեր տանը իմ հանդեպ լիակատար վստահություն է միշտ եղել :  Ես մասնակցել եմ   ծնողներիս լուրջ խոսակցություններին , պետք եղած ժամանակ նրանց վեճերում հանդիսացել եմ որպես դատավոր : Մեր տանը իմ խոսքը միշտ իր կշիռն ունեցել է :  Այս ամենով ուզում եմ ասած լինել ,որ ես միշտ գիտեմ ընտանիքում իմ տեղը, ես գիտեմ , որ ունեմ պարտականություններ ,որոնք միշտ պետք է կատարեմ : Տանը ես լիիրավ անդամ եմ ու ինձ նայում են որպես հասուն մարդ : Հենց այսպիսի պավածքն է ինձ հեռու պահել եսապաշտ լինելուց : Ես ինքս եմ լուծել իմ խնդիրները , եթե պարտականություններս չեմ կատարել ՝ գլուխ եմ կախել ծնողներիս առաջ ու պատասխան տվել արածս  սխալներիս համար :

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել