ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը հայտարարել է, որ դուրս է գալիս ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունից ու այսուհետ կլինի անկուսակցական պատգամավոր։ Իր որոշումը նա պատճառաբանել է նրանով, որ անթույլատրելի է համարում ու չի պատրաստվում մասնակցել ներքաղաքական սրացումներին՝ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ու սահմանային լարվածության ֆոնին, ինչի մասին բազմիցս զգուշացրել է կուսակցական ղեկավարությանը։
Հիմա ԲՀԿ-ական տարբեր տրամաչափի կերպարներ արդեն սկսել են ցեխ շպրտել Ախոյանի վրա՝ կուսակցությանը «դավաճանելու» համար, բայց ակամայից հարց է ծագում. «Իսկ դատավորներն ո՞վ են»...
Թե՞ ԲՀԿ-ում մոռացան, որ իրենց ստեղծման ու կայացման տարիներին լրացնում էին իրենց շարքերը քաղաքական գործիչներով, ովքեր այլ կուսակցություններից էին եղել ու կուսակցափոխ էին եղել, ու եթե տեսականորեն ընդունենք, որ դրանցից ոմանք իրոք գաղափարական նկատառումներից ելնելով էին նախընտրել Բարգավաճ Հայաստանը (չնայած անձամբ ես այդպես էլ չեմ իմացել, թե որն է ԲՀԿ-ի գաղափարախոսական հենքը), ապա դրանց ճնշող մեծամասնությունն առաջնորդվել էր «Որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով։
Ու իրոք, զավեշտալի է, երբ մի կուսակցությունը, որի անգամ վերին մակարդակներում կան կերպարներ, ովքեր ընդհուպ մինչև 4 կուսակցությունների անդամ են եղել, հիմա պախարակում են մեկին, ով բավականին հասկանալի ու անձամբ ինձ համար ընդունելի պատճառաբանությամբ լքում է կուսակցությունը։ Եթե կուսակցություն փոխելը դավաճանություն է, ապա ԲՀԿ-ն պետք է գրեթե ամբողջական լյուստրացիա անցկացնի՝ սկսած Վահան Բաբայանից, վերջացրած նախկին ՕԵԿ-ական ակտիվիստ ինչ-որ մարզային ակտիվիստ կնոջով։