Ուզում եմ մի ցավոտ խնդրի անդրադառնալ, որն առկա է մեզանում ու արմատացած: Մտավորականություն բառն առհասարակ չեմ ուզում օգտագործել, քանի որ, որքան էլ որ ցավալի է, այն համարյա իսպառ բացակայում է: Կան միայն անհատներ, ովքեր իրենց մեջ կրում են մտավորականությունը, սակայն միասնական չեն, իսկ իմ ընկալմամբ մտավորականությունը պետք է հենց մտածող մարդկանց միասնականությունը լինի: Մի կողմ թողնենք դա սակայն: Կան մարդիկ, ովքեր ունեն լայն ճանաչում, հարգանք ու մասսաների համար օրինակելի կերպար կարող են հանդիսանալ, սակայն նրանց մոտ, չեմ խուսափի ասել, հանցավոր անտարբերություն է տիրում: Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով նրանք գլուխը կախ իրենց գործով են զբաղված՝ բնավ չգիտակցելով կամ վախենալով գիտակցել իրենց լոկոմոտիվի դերը հասարակության լայն շերտերի համար կարևոր խնդիրներ բարձրաձայնելու ու լուծելու հարցում: Օբյեկտիվ պատճառն այն է, որ մեր երկրում գործում է մի մեխանիզմ, որտեղ ցանկացած փոքրիշատե իրենից բան ներկայացնող մարդու վաստակը հեշտորեն կարելի է ջուրը գցել, քանի որ հասարակությունն ի զորու չէ ադեկվատ արձագանքել բամբասանքին, ու ցանկացած բամբասանքի տարածումը տվյալ անձի հասցեին կարող է տվյալ մարդու ռեյթինգը մի քանի ժամում հասցնել զրոյի: Մյուս կողմից ստեղծվել է մի իրավիճակ, որ տվյալ մարդկանց դեմ կան մարդիկ, ովքեր կոմպրոմատներ են հավաքում ու ցանկացած պահի կարող են օգտագործել լռեցնելու համար: Սուբյեկտիվ պատճառն այն է, որ նրանք պարզապես չեն ընդունում, որ լայն ճանաչումն իրենց կամա թե ակամա պարտադրում է ավելի պատասխանատու վերաբերմունք սեփական վարքի նկատմամբ, գիտակցում, որ եթե քեզ հարգում, սիրում ու ընդունում են, պետք է օրինակելի լինես ու ինչ-որ չափով ստանձնես քո իսկ մասսային առաջնորդելու առաքելությունը: Եթե կա սոցիալական բունտ, դա կա նաև վերոնշյալ անձանց մոտ, սակայն չգիտես ինչու, նրանք գերադասում են չգիտակցել իրենց պոտենցիալը: Հասարակությունը կարոտ է մնացել նրանց խոսքին, կարծիքին ինչ-որ հարցերի շուրջ: Այնքան է հետ աճել այն նորմատիվ դրույթը, որ որոշյալ կարծիքը նրանցն է, որ երբեմն-երբեմն նրանցից մեկի կողմից հնչող «ապստամբ» կարծիքը միանշանակ չի ընկալվում կամ գոռում են՝ բռավո, դու համարձակ մարդ ես, ո՞նց է, որ չես վախենում, կամ էլ ուզում ա պաշտոն ստանա, քաղաքականություն մտնի, գրանտ ա կպցրել (լուրջ, կյանք տեսած ծերուկի դեմքով): Չերկարացնեմ շատ.
Սիրելի հայտնի և սիրված մարդիկ, ձեզ սիրողն ու հայտնի դարձնողը հասարակությունն է, որն այս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում ու լարված ներքաղաքական իրավիճակում ունի Ձեր խոսքի ու առավել ևս գործի կարիքը: Չեմ կարծում, որ վերոնշյալ խնդիրների հետ դուք ամեն օր չեք առնչվում, ու լուծումները ձեզ չեն հետաքրքրում: Մի քիչ համարձակ եղեք: Եթե անգամ ինչ-որ շրջանում ձեզ նեղացնեն, նույն հասարակությունը ձեզ կվերադարձնի նույնիսկ մի աստիճան ավելի վեր, քան կայիք մինչ այդ: Չեմ կարծում, որ դուք էնքան հարուստ եք, որ միևնույնն է ձեզ համար՝ կարմիր գծեր կլինեն, թե ոչ, գազը, հոսանքն ու առհասարակ ամեն ինչը կթանկանա, թե ոչ: Բոլորս էլ, անկախ մեր հեղինակության չափից, պատասխանատու ենք այն մարդկանց առաջ, ում հարգանքն ու վստահությունը վայելում ենք: