Այսօր, թերևս, ամենաակտուալ ու ամենաողջամիտ հարցը հանրային օրակարգում կայանում է նրանում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց ոչնչացնել Գագիկ Ծառուկյանին՝ որպես քաղաքական ֆիգուր, ու ինչո՞ւ նա դա արեց հենց հիմա։ Դա անելու համար Սարգսյանն իրոք ուներ մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնցից շատերը բնավ էլ անձնական շահագրգռվածության խնդիր չեն, այլ իրոք պետական շահից բխող բաներ։
Եվ այսպես, ինչո՞ւ ոչնչացնել.
Գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է, ինչպես նաև գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանական բուրգի հիմքում ընկած են Ծառուկյանի պես այլ օլիգարխներ, որոնք սնուցում են պետական հիերարխիկ համակարգը ու իրենց հերթին սնուցվում են դրանից։ Եվ այսպես, ինչո՞ւ հենց Ծառուկյանին ոչնչացնել, եթե նա միակը չէ, ակնհայտորեն միակը չէ։
Պատասխանը շատ պարզ է. ի տարբերություն այլ օլիգարխների՝ Ծառուկյանի ամբիցիաներն անցան թույլատրելիի սահմանը և այն աստիճան, որ դրանք սպառեցին անգամ փոխզիջում որոնելու պոտենցիալը։ Պարզ ասած՝ Ծառուկյանին այլևս չէր բավականացնում իր կարգավիճակը, ու նա միանգամայն լուրջ հավակնություններ ուներ դառնալ իշխանական բուրգի գլուխը, իսկ դա անթույլատրելի էր ոչ միայն անձնապես Սերժ Սարգսյանի ու իր թիմի համար, այլ ամեն ողջամիտ ՀՀ քաղաքացու, որովհետև անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում գործող իշխանություններին ու անձնապես Սերժ Սարգսյանին, Սարգսյանի որոշ հարցադրումներ Ծառուկյանի հասցեին առավել քան տեղին էին ու առավել քան ակտուալ։
Օրինակ՝ իրոք էլի, ինչպե՞ս եք պատկերացնում Ծառուկյանին՝ Հայաստանի շահերն ու դիրքորոշումները պաշտպանելիս տարբեր միջազգային ատյաններում։ Այստեղ ոչ մի կապ չունի այն, թե ով ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյանին ու ինչ գնահատական է տալիս նրա գործունեությանը նման հարթությունում, որովհետև անկախ դրանից՝ անհերքելի է, որ Ծառուկյանը հաստատ չէր կարողանալու իրեն լավ դրսևորել։
Հիմա այս առճակատման գնալու կազուս բելլին դարձան Սահմանադրական բարեփոխումները, որոնք Սերժ Սարգսյանը որոշել էր անցկացնել, ու որոնց կտրականապես դեմ էր դուրս եկել Ծառուկյանը, քանի որ ուզում էր, որ իշխանության էստաֆետն իրեն անցնի ու պահպանվի այն համակարգը, որտեղ երկրի ղեկավարը նախագահն է, ու ով ունի գրեթե միապետին հարիր իշխանություն։
Այս հավակնություններն ու անզիջում դիրքորոշումն էլ կարելի է համարել հենց այն հիմնական պատճառը, որի համար Սերժ Սարգսյանը ոչնչացնում է Ծառուկյանին։
Կրկնում եմ, որքան էլ տարօրինակ թվա, բայց ամենևին էական չէ, թե որքանով են լավը այժմյան իշխանությունները, որովհետև ինչքան էլ դրանք վատը լինեն, չեն կարող այնքան վատը լինել, որքան կլինեն ինչ-որ ամբիցիոզ օլիգարխի կողմից ստեղծված ու կառավարվող իշխանությունները, որի հետևից մարդիկ գնում են ոչ այնքան նրա համար, որ ընկալում ու ընդունում են նրա առաջարկած հեռանկարը, որքան նրա համար, որ հասել են հուսահատության ու ատելության եզրին, ու եթե այսօր Նաիրի Հունանյանը դուրս գար իշխանությունների դեմ ու դրան զուգահեռ ձևական բարեգործությամբ զբաղվեր ու ունենար նյութական այն բազան, որ ունի Ծառուկյանը, ապա վստահ եղեք, նույն մասսան կգնար նաև Հունանյանի հետևից։
Ինչու հիմա ու ինչու այսպես
Տրամաբանական հարց է ծագում, թե ինչու հենց հիմա արվեց սա, այլ ոչ թե, ասենք, ընտրությունների ժամանակ, ու ինչու շեշտը դրվեց Ծառուկյանի անձնական որակներն այսքան ճչուն ի ցույց դնելու վրա։
Հիմա որոշվեց, որովհետև հիմա էր ստեղծվել այն կացությունը, որ Ծառուկյանը կարող էր, շախմատային լեզվով ասած, վիլկայի մեջ գցեր Սարգսյանին, քանի որ նա սպասում էր, որ եթե ԳՄ-ի նիստից հետո հայտարարվի, որ Բարեփոխումները լինելու են, ապա Ծառուկյանը կոչ կաներ իր կողմնակիցներին դուրս գալ փողոց, ու Սարգսյանը, եթե չասեմ՝ կպարտվեր, ապա ավելորդ գլխացավանքի խնդիր կունենար։ Դե իսկ եթե Սարգսյանը հրաժարվեր բարեփոխումներից, սա արդեն կլիներ պարտության պաշտոնական ընդունում, ինչն անթույլատրելի էր։ Դրա համար էլ թողեցին, որ «գոճին» գիրանա, յուղոտի, կորցնի վախն ու իրականության զգացումը, և նոր միայն շշմեցուցիչ հարված հասցրեցին գլխին, որ մորթեն ու հնարավորություն չտան ուշքի գալ ու վերադասավորել մարտակարգերը։
Ինչո՞ւ հենց այսպես անձնավորված... Դա պայմանավորված է զուտ ԲՀԿ-ի սպեցիֆիկայով, ինչպես նաև անցանկալի զարգացումներից ու սուրբ նահատակի կերպարի ձևավորումից խուսափելու համար է։ ԲՀԿ-ի սպեցիֆիկան հենց նրանում է, որ դրա քաղաքական ողջ կապիտալը կայանում է անձամբ Ծառուկյանի անձնական ու վարկանշային կապիտալի մեջ։ Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն իրենից ներկայացնում է ավտորիտար համակարգ, որտեղ ամեն բան հանգուցալուծվում է Ծառուկյանի վրա, ու նա ունի բացարձակ իշխանություն։ Այն աստիճան, որ եթե հիմա Ծառուկյանին վիրահատական ճանապարհով հեռացնեն կուսակցության մարմնից, չի գտնվի մեկը, ով կկարողանա գոնե մոտավորապես այնպիսի արդյունավետությամբ լրացնել Ծառուկյանի տեղը, որ ԲՀԿ-ի ազդեցությունն անգամներով չթուլանա։
Ես չեմ կասկածում, որ Ծառուկյանի ֆինանսական պատմության մեջ մութ կետեր, եթե չասեմ՝ հսկայական մութ կետեր կան, ես չեմ կասկածում, որ նրա հետ կապ ունեցող անգամ քրեական գործեր կարող են լինել, բայց եթե հիմնվեն միայն դրա վրա, ապա կստանային Խոդորկովսկու էֆեկտը, երբ իրոք արյունարբու ու անհագ օլիգարխը ձեռք բերեց ռեժիմի դեմ պայքարող սուրբ նահատակի իմիջ ու դարձավ ընդդիմության սրբապատկերներից մեկը։
Դրա համար էլ շեշտը դրվում է ոչ այնքան Ծառուկյանի իրավական ու տնտեսական գործունեության մութ կողմերի վրա լույս սփռելու, այլ նրա թերություններն ու կենսագրության մութ կետերը հրապարակայնացնելու վրա, որպեսզի 0 դարձնեն նրա անձնական վարկանիշը, իսկ քանի որ ստիպված չեն ոչ մի բան հորինել, քանի որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն, ու պետք է միայն մանրամասները ներկայացնել, սա առավել քան իրատեսական է։