Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 15 շ., բն. 16 հասցեի բնակչուհի, 3 աղջկա մայր Կարինե Ավետյանն իր խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է մամուլում, նաև՝ դիմել պատկան մարմիններին և դատական ատյաններին:
Կ. Ավետյանը Shamshyan.com-ին հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին հարկադիր կատարածուները դատարանի որոշման հիման վրա նրան և երեխաներին պետք է դուրս հանեն տանից:
Մեր զրուցակիցը պատմեց, որ 1992 թ. ամուսնացել է Մելիք Ավետյանի հետ, մեկ տարի անց գրանցվել է նրանց ամուսնությունը: Համատեղ կյանքի ընթացքում ծնվել են նրանց երեխաները, սակայն ընտանեկան կյանքն ամենևին հարթ չի անցել. «Մենք ֆինանսական խնդիրներ չենք ունեցել, սակայն ամուսնուս կողմից անդադար ենթարկվել եմ բռնության. նա խնդիրներ է ունեցել խմիչքի և թմրանյութերի հետ: Ընտանիքում ամբողջ օրը հնչել են հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ, ամուսինս անգամ ձեռք է բարձրացրել իձն վրա: Ընտանեկան անախորժությունների, վեճերի ու կռիվների պատճառով 2008 թ. բաժանվեցինք: 2009 թ. գրանցվեց մեր ամուսնալուծությունը, սակայն շարունակել ենք ապրել նույն բնակարանում»:
Տիկին Ավետյանը տեղեկացրեց, որ 2009 թ. հունիսի 11-ին Մելիք Ավետյանը, առանց նրան տեղյակ պահելու Էջմիածին քաղաքում` նոտար Ալեք Ավետյանի միջոցով նոտարական կարգով վաճառում է բնակարանը ոմն Հակոբ Ղափանջյանի. «Նա էլ 2009 թ. օգոստոսի 24-ին բնակարանը վաճառում է Վրեժ Բալայանին: Իմանալով բնակարանի վաճառքի մասին՝ դիմեցի դատարան, որպեսզի պայմանագիրը չեղյալ համարվի, քանի որ գործարքը կնքվել է առանց իմ` համասեփականատիրոջ համաձայնության: Նախկին ամուսինս այդ բնակարանը գնել է 1990 թ.-ին: 1994 թ.-ին, երբ մենք ամուսնացած էինք, Մելիք Ավետյանը բնակարանը վաճառեց Սամվել Ստեփանյանին` վերցնելով գումարի 30 %-ը՝ մնացած 70 %-ը հետագայում վճարելու պայմանով: Սամվել Ստեփանյանը չկարողացավ վճարել մնացած գումարը և 1996 թ.-ին մենք ետ գնեցինք բնակարանը: Այսինքն՝ ես փաստացի համարվում եմ համասեփականատեր»:
Կնոջ խոսքով՝ կասկածելի է նաև այն, որ Երևանում գտնվող անշարժ գույքի վաճառքը վավերացվել է Էջմիածնում: Դատարան է դիմում նաև Վրեժ Բալայանը` Կարինե Ավետյանին իր երեխաների հետ նշված հասցեից վտարելու պահանջով:
«Երկար դատական գործընթացներից հետո ի վերջո Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 09.12.2011 թ. վճռով բավարարեց Վրեժ Բալայանի հայցը: Բողոք ներկայացրեցի վերաքննիչ դատարան, որը 17.05.2012 թ. մերժեց իմ վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողեց նախորդ վճիռը: Վճռաբեկ բողոք ներկայացրեց նաև իմ ներկայացուցիչը և պահանջեց բեկանել Վերաքննիչ դատարանի 17.05.2012 թ. որոշումը և գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը վերադարձրեց բողոքը` պատճառաբանելով, որ այն բերվել է խախտումներով»,-ասաց Կ. Ավետյանը: Նրա դիմումով 2011 թ.-ին իր ամուսնու նկատմամբ քրեական գործ է հարուցվում՝ երեխաներին հասանելիք ալիմենտը վճարելուց խուսափելու համար. ներկայումս Մելիք Ավետյանը գտնվում է հետախուզման մեջ: Կարինեն պատմում է, որ ինքը Ոստիկանություն է դիմել դեռ 2009 թվականի մարտին, երբ ամուսինը, իմանալով ամուսնալուծության որոշման մասին, կատաղել է և սպառնացել վնասել իրեն և երեխաներին. «Կարծես իր խոսքերը հաստատելու համար նա մարտի 3-ի առավոտյան կտրատում է իմ և երեխաների հագուստները, պայուսակներն ու կոշիկները: Բացի այդ նա գիշեը իմ պայուսակից գողանում է մեր անձնագրերը: Ես դիմեցի Ոստիկանության Մաշտոցի բաժին, պատմեցի ամեն ինչ, ներկայացրեցի նաև տանը գտնված թմրանյութը: Ապրիլի 22-ին փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Մելիք Ավետյանը ցուցմունք տվեց, որ իսկապես ինքն է կտրատել հագուստը, գողացել անձնագրերը, վեճերի ժամանակ հայհոյել ինձ ու երեխաներին: Մելիք Ավետյանին մեղադրանք ներկայացվեց, սակայն հաշվի առնելով 2009 թ. հունիսի 19-ի ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշումը` նրա նկատմամբ քրեական գործը կարճվեց: ասեմ նաև, որ բաժանվելուց հետո նախկին ամուսինս փորձել է վրաերթի ենթարկել մեր մեծ դստերը»:
2012 թ. մարտին Կարինեն դարձյալ դիմում է Ոստիկանության Մաշտոցի բաժին և ամուսնու նկատմամբ քրեական գործ հարուցելու դիմում ներկայացնում՝ բնակարանի ապօրինի վաճառքի փաստով: Կ. Ավետյանի փոխանցմամբ՝ 2012 թ. հուլիսի 10-ին ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Ա. Նահապետյանը, քննելով Կարինե Ավետյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը` քրեական գործի հարուցումը մերժում է:
Կարինեն բազմաթիվ դիմում-բողոքներ է գրում, որոնցում նշում է այն հանգամանքները, որ հաշվի չեն առնվել գործի քննության ընթացքում: Այդ թվում՝ այն, որ բնակարանի հետգնումը կատարվել է իրենց ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ֆինանսական միջոցների շնորհիվ, ուստի և ինքը բնակարանի համասեփականտեր է հանդիսացել. «Մելիք Ավետյանը 11.06.2009 թ. առուվաճառքի գործարքը կատարելիս նոտարին ներկայացրել է իր ՌԴ անձնագիրը, որի ժամկետը լրացած է եղել արդեն 2005 թ.-ին, այսինքն՝ չի քննվել նաև նոտարական գործը: Բացի այդ նախկին ամուսնուս նկատմամբ քրեական գործ է հարուցված նաև Վայոց ձորի մարզում, որտեղ ևս նմանատիպ կեղծ առուվաճառքի գործարք է կատարվել»,-ասաց Կ. Ավետյանը:
Նա հավելեց, որ 2009 թ.-ից մինչ այժմ թակել է դատական ատյանների դռները, դիմումներ է գրել բոլոր հնարավոր կառույցներին` ՀՀ գլխավոր դատախազություն, Մարդու Իրավունքների պաշտպանին, ԱԺ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
«Օգոստոս 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանը Shamshyan.com-ի հետ զրույցում ասաց, որ կատարվածը կեղծ առուվաճառքի դասական օրինակ է և Կարինեի բողոքները հիմնավոր են. «Քննիչի մոտ պետք է հարց առաջանար, թե ինչո՞ւ է Վաղարշապատ քաղաքի նոտարը վավերացնում առուվաճառքի պայմանագիրը մի բնակարանի, որը գտնվում է Երևանում: Բացի այդ՝ համընկնում են նոտարի և Կարինեի ամուսնու ազգանունները: Հաշվի չի առնվել, որ Կարինե Ավետյանը համասեփականատեր է, չի ուսումնասիրվել նոտարական գործը, այլապես կերևար, որ գործարքը կնքվել է կեղծ անձնագրով: Ի վերջո, անձնագրում ամրագրված նրանց ամուսնությունը: Այստեղ սխալն անվիճելի է: Կարինեն վիճարկել է նաև քննիչի որոշումը և դիմել դատարան: Դեռ չկա դատարանի որոշումը այդ հարցով, և քննիչի որոշումը դեռ օրինական ուժ չի ստացել: Այս դեպքում հարկադիրը կարող է և պարտավոր է հետաձգել վճռի կատարումը»:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/Mother-and-three-girls.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել