Ոստիկանությանը խնդրել են հաջորդ անգամ նման ռիսկի չդիմել |
Այսօր պարզ դարձավ, որ ոստիկանության N բաժանմունքի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 8-ի Ա-ի Վազգենյան Հարությունը (անունն ու ազգանունը տեղերով փոխված են՝ ձերբակալվածի շահերից ելնելով – խմբ.): Կապիտան Մակրոպյանն անձամբ էր ղեկավարել հանցագործի հայտնաբերմանն ուղղված օպերացիան. «Սկզբում շատ լուրջ մի հարց էր դրված. փորձել գտնել հանցագործին սեփական ուժերո՞վ, թե՞ օգնություն խնդրել կարմիր բերետավորներից»: Մակրոպյանը, վստահելով սեփական բաժնի տղաներին, ընտրեց առաջին տարբերակը: 6 ոստիկանական, 4 ճանապարհային ոստիկանության, 2 ջրցան, 1 շտապօգնության մեքենաներից բաղկացած խումբը ժամանեց դպրոց NN, որտեղ և կոտրվել էր ռազմավարական կարևորություն ունեցող պատուհանը:
«Ունեինք հստակ տեղեկություն, որ պատուհանի ոչնչացման ետևում կանգնած երիտասարդն անցել է ընդհատակ` թաքնվում է բուֆետում», – պատմեց Մակրոպյանը,- «Տեսանք, որ նա իրենից գոհ՝ խաչապուրի էր ուտում: Չգիտեինք` զինված է, թե չէ, դրա համար նախ արցունքաբեր գազ նետեցինք բուֆետ»: Խառնաշփոթի մեջ ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել Վազգենյանին սեղանի տակ:
Bazooka-ների կարիք այդպես էլ չեղավ |
13 մեքենաներից բաղկացած շարասյունը հաշված րոպեների ընթացքում Վազգենյանին հասցրեց բաժին: «Անվտանգության համար ճանապարհին մեզ միացան 4 մոտոցիկլետավոր ոստիկաններ և մեկ ուղղաթիռ: Անընդհատ կար վտանգ, որ հանցագործ աշակերտը կփորձի փախչել, դրա համար պետք էր աչալուրջ լինել»: Բաժնում դպրոցականը խոստովանեց, որ ապակին կոտրել է հենց նա: «Այ էդ մասն ա ինձ մի քիչ անհանգստացնում… Շատ արագ խոստովանեց: Կարծես ինչ-որ մի ավելի կարևոր բան է ուզում թաքցնել»,–նշեց Մակրոպյանը: Նախքան դատական նիստը աշակերտին կպահեն մենախցում` նվազագույնի հասցնելով փախուստի նրա շանսերը։