Այսօր առիթ ունեցա շփվել 2 տարբեր մարդկանց հետ, ովքեր վարձով ապրում են Երևանում: Արդյունքում որոշեցի ձեզ էլ պատմել... Ուրեմն... Վարձակալ 1-ին. ոչ մի կերպ չի կարողանում լուծել և վճարել բնակարանի վարձը՝ 50.000 դր., կոմունալ ծախսերը՝ մոտավորապես 35.000 դր., հղի կնոջը չի կարողանում պահել. (մեջբերում եմ) «Այ ցավդ տանեմ, հեչ նորմալ խնձոր չեմ կարում առնեմ, որ ուտի, վիտամին ստանա, սաղ օրը կարտոշկա ենք ուտում, էդ էլ աներս ա ուղարկում Մարտունիից»։ Հարցիս, թե ինչքան է աշխատավարձ ստանում, ասաց, որ 90.000 դրամ: Լավ, հասարակ մաթեմատիկա է, հաշվում եմ ու զարմանում, թե աճպարա՞ր է էդ մարդը, ի՞նչ է, որ էդ 5000 դր-ով մի ողջ ամիս ապրի` տրանսպորտի, ծխախոտի գումար հետ գցի և մի հատ էլ իրեն թույլ տա շքեղություն խնձորի տեսքով` հղի կնոջ համար: 

Վարձակալ 2-րդ. սիրիահայ եղբայր... ով նույնպես ապրում է վարձով` Կոմիտասում: (գները մոտավորապես պատկերացրեցիք): Հարցիս, թե ինքն ինչպես է հասցնում վարձը, կոմունալը, երեխայի դպրոցի ծախսերը, պատասխանեց. «Այս բոլոր ծախսերը հոգում է պետությունը»։ Շատ ուրախացա, որ ունենք հոգատար պետություն մեր հարևան եղբայրների համար, բայց շատ տխրեցի, որ բնիկներին անգամ կիսով չափ նման օգնություն չի հատկացնում պետությունը... Էսպես ուրախ-տխուր մտածում եմ, էդ մարդը` 1-ինը, իսկապե՞ս աճպարար է, թե՞ բոլորս ենք աճպարար, արդեն չեմ հասկանում..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել