«Տե~ր Աստված, հեռախոսս եմ մոռացել...»,- ճչաց կանգառում կանգնած տղամարդն ու գրեթե վազելով հեռացավ կանգառից:
21-րդ դարում առանց բջջային հեռախոսի իրենց օրվա գեթ մի քանի րոպեն պատկերացնել չեն կարող մեր համաքաղաքացիներից շատերը: Այս երևույթը կարելի է բնորոշել որպես բջջային կախվածություն:
Բջջային հեռախոսները հասարակական կյանք ներխուժեցին տասնամյակներ առաջ: Մինչ դրանց ի հայտ գալը մարդիկ ապրում էին առանց անհրաժեշտ պահին հեռահաղորդակցման միջոցի, ինչը, թերևս, չէր խանգարում մարդկանց աշխատել, ապրել...
Ավելին, ժամանակին երբ փողոցով որևէ մեկը մի տարօրինակ առարկա ականջին մոտ պահած քայլում և ժամանակ առ ժամանակ խոսում էր այդ առարկայի հետ, դա մարդկանց շրջանում զարմանք էր առաջացնում: Ժամանակին բջջային հեռախոս ունենալը շռայլություն էր, իսկ այժմ շատերը այն համարում են անհրաժեշտություն:
Փաստն այն է, որ բջջային կախվածությունն այսօր մեր երիտասարդներից շատերին ստիպում է բջջայինը բարձի տակ քնել: Նրանցից շատերն օրվա մեծ մասն անցկացնում են հեռախոսով խոսելով կամ հաղորդագրություններ գրելով...
Ի՞նչը կարող է մեր կյանքում փոխարինել բջջային հեռախոսը...
Ո՞վ կարող է առհասարակ ապրել ու գործել առանց բջջայինի` տարածական գործոնը հաղթահարող այդ սարքի...