
Փետրվարի 28-ից մարտի 1-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հառիճավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով` ընդլայնված կազմով:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական բաժինը, ի շարս այլեւայլ հարցերի, «Գերագույն Հոգևոր Խորհուրդի ժողովին մասնավոր անդրադարձ է կատարվել փետրվարի 21-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Փաշա Զադեի նստավայրում Ադրբեջանի կրոնական համայնքների հոգևոր առաջնորդների կողմից ստորագրված պատմական իրողություններն աղավաղող հակահայկական համատեղ ուղերձին, որը վերաբերում էր Խոջալուի դեպքերին:
ԳՀԽ-ը դատապարտելի է նկատել Ադրբեջանի կրոնական առաջնորդների հայտարարությունը, որը հակասում է տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների և հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորմանն ուղղված կոչերի ոգուն:
ԳՀԽ-ի անդամները նաև ցավով արձանագրել է այն պարագան, որ ուղերձը ստորագրվել է Ադրբեջանի կրոնական փոքրամասնությունների` ռուս ուղղափառ, կաթոլիկ, հրեական համայնքների առաջնորդների կողմից:
ԳՀԽ-ը դատապարտելի է նկատել, որ Ադրբեջանը քաղաքական խարդավանքների մեջ է ներքաշում երկրի կրոնական փոքրամասնություններին»: