Հաղորդագրություն մամուլի և ընկերների համար

Հունվարի 31-ին Հայության միասնության խորհրդանիշ հանդիսացող և համահայկական միջոցներով կառուցված Գորիս–Լաչին–Ստեփանակերտ մայրուղու վրա ԼՂՀ-ը ոստիկանական և «անհայտ» ծագման ու պատկանելիության ուժերի կողմից շակալաբարո կերպով բռնության ենթարկվեցին քաղաքացիական խաղաղ ավտոերթի մասնակիցներ, որոնք ուղևորվում էին ք.Ստեփանակերտ: Ավտոերթը գլխավորում էր ժամանակին Լաչինի մարդասիրական միջանցքի բացման մարտական գործողություններին որպես հրամանատար մասնակցած, Մարտական խաչի ասպետ, ԼՂՀ Պաշտպանական բանակի պահեստի գնդապետ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, քաղաքացիական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, որի նկատմամբ նույնպես կիրառվեց քինախնդիր բռնություն: Տեղի ունեցածը որևէ արդարացում չունի և ուղղված է Հայություն կոչվող հավաքականության դեմ: Որտեղից էլ հրահանգված և ուղղորդված լինի այս բռնությունը, նրա իրականացման անմիջական պատասխանատվությունն ընկնում է ԼՂՀ-ը իշխանությունների և մասնավորապես Բակո Սահակյանի վրա: Ցավով պետք է նշել, որ բռնության նախորդող օրերին ԼՂՀ-ը հանրային հեռուստատեսությամբ տարվել է տեղի բնակչությանը ապակողմնորոշող, քաղաքացիական ակցիայի և նրա կազմակերպիչների նպատակների մասին բացահայտ սուտ քարոզչություն: Կրկին ցավով պետք է նշել, որ կատարված հանցագործության հաջորդող օրերին ԼՂՀ-ը իշխանությունների կողմից չի եղել անկեղծ զղջում: Ի պաշտոնե և արտահաստիքային մամլո խոսնակների միջոցով կրկին փորձ է արվել ծուռ հայելու մեջ ներկայացնել տեղի ունեցածը, ափսոսանքի խոսքն ավելի վերաբերվել է հանցագործության մասին տեսանյութի հրապարակմանը, քան բուն հանցագործությանը: Նույն հարցազրույցի մեջ ապերախտաբար փորձ է արվել նսեմացնել Ժ.Սեֆիլյանի մարտական ծառայության ուղին, ինչը նշանակում է նաև անհարգալից վերաբերմունք այն մարտական պարգևների, կոչումների ինստիտուտի նկատմամբ, որը Ժ.Սեֆիլյանին ժամանակին տրվել է ԼՂՀ-ը իշխանությունների կողմից: 
Կատարվածն իր ստորությամբ և վտանգավորությամբ աննախադեպ է և պահանջում է հանրային աներկբա դատապարտում, որում յուրաքանչյուրս կարող ենք մեր մասնակցությունն ունենալ բացառելու համար դրանց կրկնությունը:
Եվ առաջնորդվելով այս գիտակցությամբ՝ ի նշան բողոքի՝ ԼՂՀ-ը իշխանություններին եմ վերադարձնում իրենց կողմից ժամանակին ինձ տրված մարտական պարգևները:
Սա վերաբերմունք է ԼՂՀ-ը ներկա իշխանությունների պահվածքի, այլ ոչ թե Արցախի բնակչության նկատմամբ:
Այս միջադեպի ծանր հետևանքներից և հոգեբանական «նստվածքներից» խուսափելու համար լավագույն լուծումը կլինի Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:


Հարգանքներով՝ Ապրես Զոհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել