Orer.am-ը գրում է․
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել
Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:
Ձեր կյանքն ու գրական-հասարակական գործունեությունն ինքնատիպ մի
ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու
իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը: Ավելի քան կես դար մի
քանի սերունդ ճանապարհորդել է Ձեր ստեղծած լրագրողական ու հրապարակախոսական
իրապատում տարածքում՝ Կամչատկայից ու Բայկալից մինչեւ Խաղաղ եւ Ատլանտյան
օվկիանոսներ, աշխարհասփյուռ հայության հետ կապվելով «Կիլիկիայի» ու
«Արմենիայի» տախտակամածերի վրա ստեղծված Ձեր անկրկնելի նոթագրությամբ:
Ձեր կենսագրությունն անխզելիորեն կապված է արցախյան ազատագրական շարժման
ակունքների ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գործընթացի, դրա
միջազգայնացման ու ճշմարտացի ընկալման հետ: Այդ կապը շարունակաբար ձգվում է
ցայսօր՝ ի դեմս հայի, լրագրողի ու գրողի, անկախության ու պետականության
բարձրագույն գաղափարին նվիրված քաղաքացու Ձեր անխոնջ գործունեության:
Ծննդյան օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներիս հետ միասին մաղթում եմ Ձեզ
առողջություն, ստեղծագործական ու հասարակական բեղմնավոր գործունեություն եւ
ամենայն բարիք»: