Հետաքննող լրագրողների կոնսորցիումի հրապարակած տվյալների համաձայն՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի անունով շվեյցարական HSBC բանկում հաշիվ կա, որի վրա 1.1 միլիոն դոլարի չափով գումար է առկա: Այս տեղեկությունը նաև մեկնաբանվել ու պարզաբանվել է Մայր Աթոռի մամլո ծառայության կողմից` նշվելով, որ դա կաթողիկոսական հաշիվ է:
Այս լուրն առնելուց հետո, բնականաբար, սոցիալական ցանցերի և լրատվադաշտի տարբեր տիրույթներում սկսվեց տարատեսակ ու մառազմատիկ մեկնաբանությունների շարքը: Զերծ մնանք դրանք բարձրաձայնելուց: Ուստի կենտրոնանանք այդ արտահոսքի ու հանրային կարծիք ձևավորելուն ուղղված մոտեցման վրա:
Ո՞վ չգիտի, որ եկեղեցին փող ունի, նույնիսկ շատ ուրախալի է, որ այն հարուստ է: Ի դեպ, այդ 1.1 միլիոն դոլարը չէ, որ հարսստություն է համարվում, դրանք ամենայն հավանականությամբ ուղղված են ծախսերի համար: Ո՞վ չգիտի, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի թեմեր ամբողջ աշխարհում, թեմ պահելը ծախս է պահանջում: Ո՞վ չգիտի, որ ծախսերը միայն բարերարները չեն հոգում, այլ նաև Եկեղեցին: Ով չգիտի, որ Եկեղեցին համակարգ է, իսկ դրա գործառնման համար հսկայական ֆինանսներ են պահանջվում:
Ինչևէ, արտահոսքը՝ արտահոսք, սակայն մի բան պետք է հստակ հաշվի առնենք, որ եկեղեցին պետք է և անհրաժեշտ է հարուստ լինի, իսկ այն պարզաբանումը, որ եկեղեցու հաշիվները ձևակերպվում են Կաթողիկոսի անունով, ուղղակի հուշում է, որ եկեղեցու հարստության ու դրա դրսևորման ձևի վրա միավորներ հավաքել ու տարբեր՝ մառազմ պարունակող մեկնաբանություններով ու տեսակետներով պետք չէ լցնել տեղեկատվական տիրույթը: Քանի որ տեղեկատվական տիրույթը զսպանակի էֆֆեկտ ունի. ինչքան որ սեղմվում է, մի օր էլ բացվելու է ու հաստատ անմասն չի թողնելու զսպանակը սեղմելու գործում իր լուման ներդրածներին:
Պետք է զերծ մնալ քամահրական մեկնաբանություններից, վերջ ի վերջո, գործ ունենք Հայոց եկեղեցու և Հայոց կաթողիկոսի հետ, որն արժեք է, իսկ ինչպես ընդունված է զարգացած ժողովուրդների մոտ, արժեքը չեն ոտնահարում, այլ բարձր են պահում: