Ինձ համար ամենամեծ հարցը սա է՝ եթե ամեն ինչ արդար է ու օրինական, ինչու՞ է կաթողիկոսարանի գումարը պահվում շվեյցարական բանկում, աչքից հեռու ու գաղտնի ձևերով։ Ինչու՞ հայկական 21 բանկերից մեկի հաշվին չի պահվում։ Թափանցիկ ձևով պահեիք ու հրապարակային օգտագործեիք՝ հանուն բարեգործության։ Համ մեր բանկային համակարգը կշահեր, համ դուք (մերոնք ավելի բարձր տոկոսներ են վճարում)։
Արդարացումը, թե նախկին կաթողիկոսներից է հաշիվը փոխանցվել, անհիմն է։ Նախկին կաթողիկոսից հաշիվն անցել է, բայց 1.1 միլիոնը հաշվին նստել է ներկայիս կաթողիկոսի օրոք։
Իսկ դավադրությունների տեսության էդ քարոզները, թե էս տիպի լուրերը հերետիկոսների ձեռքի գործ են, որ ցանկանում են խարխլել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ծիծաղելի են։ Թարգեք։ Հայ առաքելական եկեղեցու հիմքերը խարխլում են մի քանի բարձրաստիճան «հոգևորականներ»՝ իրենց վարքուբարքով ու բիզնես գործունեությամբ։ Աղանդավորներից ավելի վտանգավոր են։
Լավ, ասենք, մեզնից ամեն ինչ թաքցրիք, հերքեցիք, ծածկադմփոց արեցիք, արդարացաք.... Բա Աստծո առաջ ո՞նց եք պատասխան տալու, թե որտեղից ձեզ միլիոններ, մեքենաներ ու անշարժ գույքի սեփականության մի քանի վագոն վկայականներ։ Ու ամենակարևորը՝ ինչի՞ համար։ Չնայած ձեր քայլերին որ նայում ենք՝ դժվար թե դուք Աստծուն հավատաք։