Մեկը չկա՞ «է» օժանդակ բայի շահերի պաշտպանության խումբ ստեղծի: Գրական հայերենի գլխավոր նախապայմանն այդ բայի կիրառումն է, մինչդեռ հեռուստատեսությամբ աջուձախ ոտնահարվում է նրա կիրառումը, ու նրա փոխարեն «ապօրինաբար» ներխուժում է «ա» խոսակցականը: Առայժմ լրատվական թողարկումներում դեռ «ա»-ն չի օգտագործվում, իսկ ռեպորտաժների մեջ սկսել են օգտագործել: Ցավոք, նաև նախարարներ ու պատգամավորներ են այդ կերպ խոսում ելույթներում: Ու ինչքան էլ ուզում է խելացի մտքեր արտահայտեն, միևնույն է, նրանց խոսքն այդ դեպքում գրագետ մարդու համար անընդունելի է: Մինչդեռ այդ խավն, իբր, «էլիտա» է կոչվում: Ի՞նչ էլիտա, եթե շարքային գյուղացին կարող է նրանցից գրագետ խոսել: Ի վերջո, պաշտոնյաները հեռուստաէկրանից պարտավոր են գրագետ խոսել, ինչը տարրական բարեկրթության նշան է: Թե չէ հեռուստացույցը միացնում ես, մեկ էլ տեսնում ես՝ մեկը մի ամբողջ ասուլիս է հրավիրել ու «ա»-երով» ու «հա»-երով «վրա է տալիս»՝ իրեն զգալով ինչպես իրենց տանը. «ասում ա», «պետք ա», «հարկավոր ա». տեղով հակագովազդ՝ հայկական հեռուստաալիքի նկատմամբ, ու անմիջապես ալիքը փոխելու բուռն ցանկություն է առաջանում: Նաև բուռն ցանկություն է առաջանում մտնել հեռուստաէկրանի մեջ ու հայերենն աղավաղողի ոճին հանգույն բղավել՝ «Ախր հեչ չի լսվում ա, չի դիտվում ա, չի նայվում ա, զզվացնում ա»: Ի վերջո բուհ են, չէ՞, ավարտել ասուլիս հրավիրողների գոնե գերակշիռ մասը: Երևի թե նրանց թվում է, թե այդ կերպ խոսելով՝ ժողովրդի «աչքն են մտնում», մինչդեռ հասարակ քաղաքացին կարող է մտածել, թե «Իմ ու սրա տարբերությունը ո՞րն է, եթե սա ինձ նման է խոսում» (կամ ավելի վատ :-Գ.Հ.):
Ինձ թվում է՝ մտածված ձևով ինչ-որ ուժեր նպատակադրվել են անգրագետ հայերենը լայնորեն տարածել, խրախուսել, գովազդել անուղղակիորեն: Դա դեռ բավական չէ, որոշ հաղորդավարներ էլ, որոնք կոչված են էկրանից մաքրամաքուր խոսել, կակազում ու կմկմում են կամ բառերն արհեստականորեն երկարաձգում: Բանը հասել է նրան, որ օրերս «աշխարհազորային» բառը հաղորդավարներից մեկը երկու կեսի էր բաժանել ու ասում էր՝ «աշխարհա-զորային»: Դե եթե հեռուստաեթերն է պետական մակարդակով աղավաղվում, շարքային քաղաքացին էլ՝ Պերմյակովի մասին ռեպորտաժը դիտած, պետք է ասի՝ «հոգեական հիվանդ»: «Վայ քո տունը շինվի»,-այս առթիվ նկատում է հայոց լեզվի ու գրականության մի օպտիմալացված մանկավարժ,-«Էդ պատգամավորների մեջ, ասում են, մարդ կա՝ կռազի շոֆեր ա եղել, բա ի՞նչ ես ուզում»: Ժանակ առ ժամանակ լեզվի տեսչությունն ինչ-որ տուգանքներից է խոսում, թե իբր որոշել են նախագիծ կազմել (նոր-նոր) ու հեռուստաալիքների հանդեպ տույժեր սահմանել հայերենն աղավաղելու դեպքերում: Ինչպես երևում է, նախագիծը դեռ նախագիծ էլ մնացել է գզրոցներում:
...Ինչպես ասուլիս հրավիրողներից ոմանք, այնպես էլ նրանց մտքերը գրողներից ոմանք ասուլիսին նստում են՝ ծամոն ծամելով: Բայց սա արդեն այլ թեմա է: