Մոտ երեք-չորս տարի առաջ, պատրաստվելով ու պատրաստելով այսօրվա քաղաքակրթական պատերազմը, կգբ-ական գործակալները ներդնում էին նախկին սովետական ազգաբնակչության գլխների մեջ ատելություն ու զզվանք համամարդկային արժեքների, հանդուրժողականության, մարդու իրավունքների հանդեպ: «Ազգայինը» հակադրվում էր «ազատականին», «համամարդկայինը» հավասարեցվում էր անառակությանը: Դա արվում էր ռուսալեզու չար կլոունների` Ժիրինովսկու, Կուրղինյանի, Զադորնովի, Պետրոսյանի, անգամ ԿՎՆ-ի միջոցով` «ապուշ ամերիկացիների», «փչացած գեյրոպացիների» մասին և այլ էժանագին ու անճաշակ «կատակներով» ու ստերով: Մյուս կողմից, դրան ավելացվում էր ֆաշիզմի հասնող ազգայնամոլությունը, ռասայական գերակայության կեղծիքը, որը Ռուսաստանում ծնեց բոլորի հանդեպ ատելություն` «խաչիկ, խոխոլ, պինդոս, չուռկա, ժիդոմասոն» և այլ բնորոշումներով: Առանց կգբ-շնիկյան այդ նախապատրաստության անհնար կլիներ պատերազմն Ուկրաինայում, Պերմյակովի գազանությունը, հայ վարորդի հանդեպ ստորությունը Մոսկվայում կամ հայ բանվորի հանդեպ բռնությունը Սոչիում: Ավելին` հնարավոր չէր լինի Հայաստանում սեպտեմբերի 3-ի դավաճանությունը և դրանից հետո կտրուկ սաստկացած ոստիկանական բռնությունները, ծեծն ու ջարդը, առևանգումներն ու պետական ահաբեկչությունը, Գյումրին ու Բերձորը: Մեկ տարի առաջ հենց դրա դեմ ապստամբեց Կիևի Մայդանը: Մենք այստեղ կուլ տվեցինք այդ դավադրությունը՝ չհաշված «20-30 ջղաձիգներիս», ու հիմա ողջ հասարակությունը վճարում է սեփական անմեղսունակության, անտարբերության կամ ապուշության համար: Ի՜նչ կեղծ ու անհեթեթ են այս ֆոնի վրա մեր «ինքնության» ու «յուրային ճանապարհի» մասին խոսակցությունները: Ի՞նչ է` ուկրաինացիներին պակա՞ս ուկրաինացի է դարձնում եվրոպական պատկանելության համար մղվող նրանց պատերազմը գաղութային ռուս զորքի դեմ։ Ճիշտ հակառակը` հենց դա է նրանց ազգ դարձնում, ինչպես մեզ էր ժողովրդից ազգ դարձրել 88-ի ազգային ազատագրական շարժումը: Իրական ազգայինը միշտ ազատագրական է, իրական ազատությունը միշտ ազգային է: Մնացածը սուտ է: Եվրոպական մշակույթի առանցքը՝ քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ազգը, այսօր հարցականի տա՞կ է դնում իր եվրոպականությունը՝ այսօր` Ցեղասպանության հարյուրամյակին, միլիոններ նահատակելով հանուն հենց այս քրիստոնեական արժեքների։ Ո՞րն է այլընտրանքը։ Ադաթ-նամուս-կարմիր խնձոր մահմեդական բարքերը, որ այդքան ակնհայտ են հենց հիմա` շնորհիվ մարդկանց այրող, երեխաներին խոշտանգող, կանանց վաճառող իսլամական ահաբեկիչների։ Այլընտրանք չկա: Կամ մենք մնում ենք Արևմուտքի հետ, կամ վերածվում ենք ռուս-թյուրքական դաշինքի մանրադրամի: Մեր եվրոպական պատկանելությունն ամրագրված է Տիգրան Մեծից մինչև Տրդաթ, Փառանձեմից մինչև Լևոն Լուզինյան, Մխիթար Սեբաստացուց մինչև Կոմիտաս, Կոստան Զարյանից ու Զաբել Եսայանից մինչև Սարոյան և Ազնավուր: Ո՞վ է մյուս թևի վրա։ Թաթուլն ու Թաթա՞ն։ Առաջին բոլշևիկից մինչև վերջինը տխրահռչակ շարասյու՞նը։ Միայն իրական ազատականն է լինում ազգային: Միայն իրական ազգայինն է լինում ազատական: Առանձին ու հակադրված` դրանք վերածվում են ստրկամիտ ու գավառական անհեթեթության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/918718594828362?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել