Քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի հանրային ընկալման համար ժամանակակից աշխարհում աշխատում են ոչ միայն PR մասնագետներ, այլ ինստիտուտներ, որոնց դերը, սակայն, Հայաստանում կարծես թե անտեսվում է: Բնականաբար, անձի հատկանիշ է թիրախավորված, ճիշտ նպատակակետին խփող, ազդու խոսք ունենալը, ու ի վերջո ցանկացած քաղաքական գործիչ պարտավոր է հռետորական արվեստին գերազանց տիրապետել, բայց ի պաշտոնե նրանք ունեն PR մասնագետներ, խորհրդականներ ու օգնականներ, ովքեր պարտավոր են ստեղծել նրանց կերպարը, կերպարի առանձնահատկությունները, ներկայանալիությունը հասարակական լայն շրջանակներին ու անմիջական պատասխանատվություն են կրում տվյալ գործչի հանրային ընկալման համար: Հայաստանում ճիշտ է` քիչ են իրական մասնագիտացված PR մասնագետները, սակայն վերոնշյալ ընկալումները նույնպես աղճատված են: Չեմ կարծում, որ որևէ պաշտոնյայի ամբիցիաները թույլ կտան սուս ու փուս լսել ու շարժվել այն հետագծով, որն իրենց համար գծել է թեկուզ իրենց իսկ PR մասնագետը կամ խորհրդականները: Խորհրդական կոչվող բարձր պաշտոնը Հայաստանում տրվում է ոչ թե իրական խորհուրդներ ստանալու ակնկալիքով, այլ տվյալ մարդուն ուղղակի ինչ-ինչ պատճառներով լավություն անելու համար: Ոչ մի պաշտոնյա, ով մտածում է իր քաղաքական դիմագծի մասին, իրավունք չունի առանց մասնագետի հետ խորհրդակցելու հարցազրույց տալ, կատարել ֆեյսբուքյան կամ այլ սոցցանցերում գրառում, հրապարակել լուսանկարներ անձնական ընտանեկան կյանքից, իր ստեղծագործությունը, որն իր թիմի կողմից գոնե քննարկման չի արժանացել, մասսայականացնել ու նմանօրինակ այլ գործողություներ: Քաղաքական գործիչը, որը, կապ չունի՝ ինչ ճանապարհով, հայտնվել է տվյալ պոստին, պետք է, եթե չի համապատասխանում պաշտոնից բխող կարողություներին, զբաղվի ինքնակրթությամբ: Արդեն որերորդ անգամ մեր պաշտոնյաների հետ տեղի է ունենում բախում ռուսաց լեզվի չիմացության հետ: Լավ, մի պահ թողնենք այն փաստը, որ իրենք ապրել են ԽՍՀՄ-ի տարիներին, որտեղ ռուսերեն չիմանալը կիրթ մարդու համար ամոթ էր, բայց, հայտնվելով աթոռին, անմիջապես նրանք պարտավոր են լրացնել գիտելիքների այն պակասը, որն անհրաժեշտ է իրենց Ի ՊԱՇՏՈՆԵ: Ես վարչապետին չեմ քննադատում ռուսերեն չիմանալու համար, բայց, եթե ռուսերեն չգիտի, պետք է խոսեր թարգմանչի օգնությամբ, միաժամանակ, եթե ընդունված է, որ նման հանդիպումների ժամանակ պետք է շփվել ռուսերենով, պետք է հաջորդ նման հանդիպման ժամանակ արդեն գոնե մի քիչ լավացրած լինի լեզվի տիրապետումը:
Մեր դպրոցական տարիներին արդեն ռուսերենն օտար լեզու էր, մնացած բոլոր լեզուների նման, որ դասավանդվում էր հանրակրթական դպրոցներում, ու մեր սերնդին ոչ ոք չի կարող մեղադրել լավ ռուսերեն չիմանալու համար, բայց ես այսօր հնարավորության դեպքում փորձում եմ լավացնել օտար լեզուների իմացությունս, քանի որ աշխատանքի բերումով պարտավորված եմ լինում շփվել ոչ միայն հայերենով, այլ օտար լեզուներով:
Պաշտոնը ոչ միայն լիազորություն է, այլ պարտավորություն, իսկ ճանաչումն իր հետ պետք է բերի զգոնություն, քանի որ, որքան շատ մարդ է քեզ ճանաչում, այնքան շատ մարդ է իմանում քո սխալի մասին: