Մինչև բողոքելն իշխանությունից (որը շատ թերություններ ունի, անշափ շատ), քարկոծելը նրան լիսկաների, վարդանիկների և այլնի համար, մի հատ հայացք գցենք մեր վրա: Օրվա մեջ միայն Երևան քաղաքով քայլելիս քանի՞ պոտենցիալ «լիսկա», «վարդանիկ» ու «լֆիկ» ենք տեսնում, որոնք պատրաստ են քծնել, քցել, ծեծել, օրենք խախտել սեփական շահի համար:

Քանի՞ անգամ ենք օրվա մեջ համոզվում, որ նման մարդիկ անգամ պատերացում չունեն՝ ինչ է պետականությունը, մարդու իրավունքները, օրենքը և դատարանը: Իսկ ինչո՞ւ պիտի այդ թվում նման մարդկանցից բաղկացած մեր հասարակությունը կարողանա ձևավորել նորմալ պետականություն, իշխանություն, ժողովրդավարական համակարգ:

Մարդկանց գիտակցությունը թմրած է, հասարակության մեծ մասն անվստահությամբ է լցված, ավելի ճիշտ՝ թքած ունի ոչ միայն ընդդիմության և իշխանության, այլ ողջ պետական համակարգի վրա:

Խոր անտարբերության հասնող պասիվ անվստահությունը պետական համակարգի նկատմամբ ցանկացած երկրում իդեալական պայմաններ է ստեղծում իշխանական դաշտում գոծողությունների կատարյալ ազատության ու էլիտայի վերարտադրման համար: Սա ճահիճ է, որից պետք է դուրս գալ կրթության, քաղաքացիների ըմբոստության, համարձակության և ոչ կրավորական պահվածքի շնորհիվ: Սրա հիմքը ճիշտ կրթությունն է:

Հակառակ պարագայում, իհարկե, նույնպես սպասվում է զարգացում, բայց դեպի դեգրադացիա: Ճահճում էլ են տեղի ունենում պրոցեսներ՝ փտման, նեխման...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել