ՁՈՆ ՁԵՎԸ ՍՏԵՂԾՈՂԻՆ կամ ԻՆՉՊԵՍ ՄԻ ՍԻՐՈՒՆ ԵՐԿԻՐ ՍՏԵՂԾԵՆՔ
Մի անգամ գրել էի՝ որևէ գործ անելիս` անթերիության ձգտման մասին…
Զատիկ տեսե՞լ եք – արևագույն, կոշտ ու կլորիկ թևիկների վրա` սև պուտիկները փայլում են… Ձեռքիդ վրա դանդաղ սահում է, թևերը բացում է, որ թռչի – բայց վստահում է, ձեռքդ տաքուկ է, զգում է` մա~րդ ես… Եվ միայն քիչ հետո թռչու~մ է – մի սքանչելի, փոքրիկ արև` այս անսահման տիեզերքում: Զատիկ Ստեղծողը կատարյալ է արել իր գործը… Եվ Զատիկը նախ ստեղծել է Մտքի Մեջ – պատկերացրել է, ծրագրել, ամեն մանրուք չափել ու ձևել, Ձևի ներդաշնությունը զգացել – և ստեղծագործորեն պայթել է Ձևը…
Տեսե՞լ եք ձյունապատ լեռների կիրճի աղբյուրը, մարտ ամիսն է, ջուրը հոսում է քարացած սառույցների միջով – և հանկարծ աղբյուրի կողքի հողի կտորին, գրեթե ջրին կպած` տեսնում ես նոր ծլած Դաղձը – նուրբ մանուշակագույն, տռուզ բողբոջներով – հոտավետ, ազատ, արվեստորեն շքեղ… Ձև Ստեղծողը որքան տարրեր տեսել է միանգամից – Դաղձի բողբոջը, ցողունը, բուրյան տերևները, ապա ծաղիկները: Տեսել է նաև Ձևի ամբողջ ճարտարապետության ներքին նրբությունները` անտեսանելի մարդկային աչքին: Եվ Ստեղծողը կատարյալ Ձև է ստեղծել…
Մարդն էլ ձգտում է կատարյալ Ձևեր ստեղծել:
Կյանքը կանչում է, կոչում է իր զավակներին – օգնել Ձևը Ստեղծողին… Սիրել նրա ստեղծած Ձևերը: Սիրել ու սովորել նրա անսահման ձևաստեղծ հանճարից: Եվ Ձևի մեջ ազնվություն ու ֆունկցիոնալություն դնել: Այդպես կարելի է մի լավ գրիչ, մի լավ թեյնիկ, մի լավ ընտանիք կամ մի լավ պետություն ստեղծել: Հետն էլ ազատ ու անկաշկանդ լինել, ուրախ լինել – թռչել Զատիկի պես, բուրել Դաղձի նման...
Ինչու՞ մենք չենք կարող մի սիրուն երկիր ստեղծել: Ինչպես Արարիչը զատիկն է ստեղծել...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3335117077259
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել