Դե լավ, սա անելու բան չէ.... Ինչ էլ որ արած լինի մարդ.... Սա ցեղասպանության ոճով է... Թողեք՝ ապրենք....

***

21:30 Ակտիվիստ Արտակ Խաչատրյանն այսօր կմնա վերակենդանացման բաժնում, նրա կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում: Այս մասին քիչ առաջ մեր զրույցում ասաց Արտակի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը: «Սպասում ենք վաղվա օրը բացվի, այս պահին նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Ինքը գտնվում է  բժիշկների հսկողության տակ, ճնշումը բարձր է»,-փոխանցեց ԲՀԿ-ական ակտիվիստի եղբայրը: Վերջինիս խոսքով՝ այս պահին «Մալաթիա» բժշկական կենտրոնում են ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը, Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, Արտակի ընկերներն ու հարազատները: Արտակ Խաչատրյանը դժվարանում է խոսել, հարազատները դեռ չգիտեն առևանգման դեպքի մանրամասները:

20:20. ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, քիչ առաջ մեր զրույցում ասաց, որ Արտակը վիրահատարանում է. «Հիմա նա վիրահատարանում է՝ քթի կոտրվածք ունի, տամպոնադա են անում: Բժիշկները Արտակին հետազոտել են, միայն արտաքնապես է վնասվածքներ ստացել, թևերը, ոտքերը կապտած են, ջարդված, աչքը, դեմքը այտուցված է: Դեռ չենք հասցրել իր հետ խոսել կատարվածի մասին»,-ասաց Արտյոմ Խաչատրյանը: Նա նշեց, որ այս պահին «Մալաթիա» բժշկական կենտրոնում են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Միքայել Մելքումյանը:

19:40. Քիչ առաջ Արտակ Խաչատրյանի հարազատներից՝ Արմենը, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին բժիշկները հետազոտում են Արտակին, նրա վիճակը ծանր է: Արմենի խոսքով՝ Արտակ Խաչատրյանը ստացել է բազմաթիվ սալջարդեր, դեմքն ամբողջությամբ այտուցված է. «Ինքը գիտակից վիճակում է գտնվում, բայց իր վիճակը լավ չէ, բժիշկները դեռ որևէ բան չեն ասել, միայն տեսնում ենք, որ իր վնասվածքները շատ են, ձեռքերը չէր կարողանում շարժել»,-Արտակի վիճակը նկարագեց Արմենը:

19:00. ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին այս պահին տեղափոխում են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Նա ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Նրա հարազատները հրաժարվում են ավելի մանրամասն նկարագրել վիճակը: Մեզ միայն փոխանցեցին, որ Արտակը ոչինչ չի խոսել:

18:29. Քիչ առաջ Արտակ Խաչատրյանի հարազատներից Արմենը մեր զրույցում ասաց, որ Արտակին գտել են: «Բերել են տան դիմաց են թողել, նա հիմա կիսագիտակից վիճակում է, ջարդված, նրան ծեծել են»,-ասաց Արմենը: Մանրամասները՝ քիչ ուշ:

17:50. Այս պահին Կառավարության շենքի մոտ են հավաքվել ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հարազատները, ընկերները, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Միքայել Մելքումյանը: Վերջիններս պահանջում են գտնել առևանգված երիտասարդին: Քանի որ Արտակ Խաչատրյանը ՓՄՁ ներկայացուցիչների հետ ակտիվորեն մասնակցել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթը կասեցնելու համար տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ուստի կուսակցության ներկայացուցիչները որոշել են հավաքվել հենց Կառավարության մոտ: Այս մասին մեր զրույցում ասաց Արտակ Խաչատրյանի հարազատներից՝ Արմենը: Նշենք, որ արդեն 7 ժամ է անցել Արտակ Խաչատրյանի առևանգումից, սակայն  նրա մասին դեռ ոչ ոք տեղեկություն չունի:

16:20. Առևանգված ակտիվիստ Արտակ Խաչատրյանը ընկերոջ հետ է եղել, երբ իրեն են մոտեցել երեք դիմակավորված անձինք և բռնի ուժ գործադրելով նստեցրել ավտոմեքենան: Այս պահին Արտակի ընկերը՝ Նարեկը, հարցաքննվում է ոստիկանությունում: «Նարեկը ինձ պատմեց, որ Արտակի հետ Տոլստոյի փողոցում են եղել, նստել են ավտոմեքենան, որ գնան, սակայն այդ պահին իրենց է մոտեցել սև գույնի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան. ավտոմեքենայից դուրս են եկել երեք դիմակավորված սևազգեստ անձինք և առևանգել Արտակին: Դիմակավորվածներից մեկը, ըստ Նարեկի, զինված է եղել. կանգնել է Նարեկի դիմաց, որպեսզի չկարողանա օգնել Արտակին»,-պատմեց Արտակ Խաչատրյանի հարազատներից՝ Արմենը: Մեր հարցին ի պատասխան` Արմենն ասաց, որ չգիտեն այդ փողոցում տեսախցիկներ կա՞ն, թե ոչ, այս պահին ոստիկանության աշխատակիցները աշխատում են դեպքի վայրում:

15:30. ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին հաղոդրում է ստացվել ոստիկանություն: Այս մասին քիչ առաջ ի պատասխան մեր հարցին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

15:05. Այս պահին առևանգված ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմը, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացնում եղբոր առևանգման փաստով: Արտակի հարազատներից մեկը քիչ առաջ մեր զրույցում ասաց, որ Արտակ Խաչատրյանին առևանգել են 3 դիմակավորված անձինք:

14:30. ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հարազատներն այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնում: ՀՀ ոստիկանությունից ի պատասխան մեր հարցին ասացին, որ ահազանգը ստացել են, այս պահին համապատասխան գործողություններ են իրականացվում:

14:00. Քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնական Արման Թաթոսյանը իր Ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգմանը, գրել է. «Արտակ Խաչատրյանին առևանգել են դիմակավորված մարդիկ սևմեքենայով (հավաստի չի, բայց ոնց որ Աուդի), ուժով նստացրել են մեքենան, հետո հեռախոսը շպրտել են մեքենայից։ Մինչ էդ, հասցրել ա զանգի Վահան Բաբայանին, ինձ ինքն էր զանգել ու տեղյակ պահել։ Հեռախոսը մի աղջիկ էր գտել, որից իմացանք մանրամասները, բայց իրան դեռ չենք տեսել ու չգիտենք՝ ով ա։ Հիմա Արտակի եղբոր հետ կենտրոնի ոստիկանությունում ենք։ Մնացածը հետո»:

13:42. Մեր տեղեկություններով առևանգված ակտիվիստը՝ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանն է, ով ակտիվորեն մասնակցում էր  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը կասեցնելու վերաբերյալ ակցիաներին: Մանրամասները՝ քիչ ուշ:

13:30. Քիչ առաջ Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ Տոլստոյի փողոցից՝ «Ծղոտների» մոտից, անհայտ անձինք առևանգել են Արտակ Խաչատրյանին: Արտակը ակտիվորեն մասնակցել է շրջանառության հարկի վերաբերյալ հանրահավաքներին: Արտակի մտերիմներից մեկին հայտնի է դարձել, որ առևանգողները եղել են դիմակավորված, երեք հոգի, ավտոմատներով, իսկ Արտակը եղել է ընկերոջ հետ, որին հրել, գցել են: Այս պահին հայտնի չէ, թե ուր է տարվել Արտակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել