Գաղափարախոսության վրա հիմնված աշխարհում գոյություն ունեցող ամենակազմակերպված ու ամենագլխավոր հաստատություններից մեկը Տիեզերական Եկեղեցին է, որը ամբողջությունն է Առաքելական, Ուղղափառ, Կաթոլիկ ու Բողոքական եկեղեցիների, սակայն նշած եկեղեցիները առանձին առանձին ամեն մեկը իր սեփական քարոզչությունն է կատարում: Հաճախ քարոզչության շնորհիվ որևէ եկեղեցու հեղինակության բարձրացումը կամա թե ակամա պատճառ է դառնում մեկ այլ եկեղեցու հեղինակության անկմանը:
Իհարկե, քարոզխոսությունը քարոզչության կարևոր մաս է կազմում, սակայն բովանդակալից ու իմաստուն քարոզը եթե նույնիսկ հնչեցվում է եկեղեցում, բայց տգեղ շարժումներով ու շեշտադրումներով, ապա կարող է վանել ուղղամիտ ու նրբանկատ ունկնդրին: Այսպիսի ակամա հակաքարոզչություններ լինում են բոլոր եկեղեցիներում, բայց մենք սրտացավ ենք հատկապես Հայ եկեղեցու համար: Սքեմով հոգևորականի յուրաքանչյուր շարժումն ու դեմքի արտահայտությունը քարոզչության մաս է կազմում: Ձեռքերը գրպանում ու ծխախոտը բերանին խոսող հոգևորականը ինքնին հակաքարոզչություն է և կարևոր չէ թե նա ինչ է խոսում, նա ինչ էլ խոսի դա կլինի հակաքարոզչություն:
Անվիճելի է, որ գործող բարձրաստիճան հոգևորականներն են, որ երկրային օրինակ են հանդիսանում ապագա հոգևորականների համար, ինչը ենթադրել է տալիս, որ ճիշտ քարոզչության հիմքում ընկած է ճիշտ կադրային քաղաքականությունը: Չկա հեղինակություն, ուրեմն չկա կադրային ճիշտ քաղաքականություն, հետևաբար չկա նաև քարոզչություն: Եթե որևէ եկեղեցի չունի հեղինակություն ոչ աշխարհում և ոչ իր իսկ սեփական ժողովրդի մոտ, դա նշանակում է, որ այդ եկեղեցին չունի քարոզչություն: Իսկ եթե ունի քարոզչություն, բայց չունի հեղինակություն, դա նշանակում է, որ այդ թվացյալ քարոզչությունը իրականում հակաքարոզչություն է, որը կատարում են սխալ ընտրված եկեղեցական կադրերը:



