Մատենադարանում ճարտարապետների հետ հանդիպմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես նա նշեց, որ հանդիպումը ՀՀԿ նախընտրական ծրագրի նախապատրաստական շրջանակներում է: Երեւի իմ համար դա առաջին հիասթափություններ։ Ճիշտն ասած, կուսակցական որեւէ միջոցառման շրջանակներում հանդիպմանը ես անձամբ պատրաստ չէի, քանի որ, համաձայն հրավերի, գնում էի վարչապետի հետ հանդիպման։ Ոչ թե պատրաստ չէի, այլ հաստատ չէի գնա։ Ինչեւէ, ուզում եմ չմոռանալու համար մի քանի կետով ամփոփեմ տպավորություններս։
Երկրորդ հիասթափությունը ֆորմատներ։ Էդքան մարդով լուրջ քննարկումներ անելը երկու ժամվա ընթացքում ծիծաղելի են։ Չլնող բան։ Ոնց-որ ասեց ընկերս, հո Արշակ Սադոյանը չես, որ 250 հոգու առջեւ խոսես։ Մանավանդ էդքան կորիֆեյների մեջ, որոնք հերթ էին կանգնել, որ ամբիոնից խորը փիլիսոփայական հարցեր տան. «ո՞վ ենք մենք, ու՞ր ենք գնում» եւ այլն։ Երեւի միայն Մինասյանի խոսքն էր մասամբ բովանդակային /մասամբ էլ հուզական, բայց հասկանալի/՝ ասեց, գոնե էղած օրենքները պահպանենք, մի քիչ էլ փոխենք, հստակեցնենք։
Իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ քաղաքաշինությունը պետական շինարարության ամենակարեւոր մասերից մեկն է։ Անլրջությունը էրեւում է նախ այն բանից, որ 4 տարի աշխատելուց հետո միայն նախընտրական շրջանում ինչ-որ հետաքրքրություն առաջացավ, քննարկման կարիք։ Միանշանակ զգացվում էր, որ միեւնույնն է, խնդրի լրջությունը այդպես էլ չի գիտակցվում, եւ միակ հիմնական հարցը /եթե շատ պարզունակ ասեմ/ «ինչպես անենք, որ բոլորը գոհ մնանն» է։ Երկու ահավոր մտահոգիչ բան կար, նախ այն, որ վարչապետը հիմնական շեշտը դնում է «փող կա-չկա» ֆակտորի վրա։ Երկրորդը, որ այդպես էլ, կարծես, չի ընկալվում «օրնեք» եզրը քաղաքաշինական ոլորտում։ Օրինակ, երբ խոսքը գնում էր կենտրոնում մեծ շինարարության հնարավոր մոռատորիի մասին, վարչապետը առաջարկեց ստեղծել անձեռնմխելի շենքերի ցուցակ։ Բայց չէ որ կա պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկ /ճիշտ է, ահավոր բզկտած եւ կրճատված/, որը հաստատված է հենց կառավարության կողմից։ Երբ խոսքը գնաց մասնավոր սեփականության մեջ գտնվող օբյեկտների մասին, էլի ասվեց, որ սեփականատերերի հետ պահպանման պայմանագրեր կնքելը թանկ հաճույք է, գրեթե անհնար։ Բայց ախար օրենք կա, փաստորեն, կառավարությունը չի՞ կարող օրենքի պահանջները կատարել։ Ձեզ վառ օրինակ. Փակ շուկան հուշարձանների ցանկում է, հաստատ տերը փող ունի, եթե մեծածավալ շինարարական աշխատանքներ է նախաձեռնել, ուրեմն ի՞նչն ա պատճառը, որ կառավարությունը ի վիճակի չէ հետեւել, որ աշխատանքը կատարվի պատշաճ եւ բարեխիղճ, անկարողությու՞ն թե քաղաքական կամքի բացակայություն, հաշվի առնելով թե ով է սեփականատերը։
Անընդհատ խոսվում էր մեր խեղճ ու թշվառ լինելու մասին, որ քաղաքաշինության վախտը չի, եւ այլն։ Չեմ ուզում հիշեցնել, ինչ վիճակում էր Հայաստանը 1919 թ, երբ դաշնակցական կառավարությունը հրավիրեց Թամանյանին նոր Մայրաքաղաք կառուցելու համար, թե ինչպես հետո Սովետական կառավարությունը էդ նախագիծը լավ թե վատ, բայց կյանքի կոչեց։ Կարող եք նաեւ կարդալ Ռոտտերդամի մասին, որը 1944 թ անգլյացիները հավասարեցրել էին հողին, բայց դեռ մինչեւ նեմեցներին դուրս անելը, հոլլանդացի ճարտարապետները ընդհատակում մշակել էին վերականգնման նախագիծը, որը օր առաջ ազատվելուն պես սկսեցին իրականացնել։ Իսկ մենք 20 տարի կորցրեցինք։ Հետեւանքը սա է. Երեւանը այլեւս հետաքրքիր քաղաք չի, էդքան բան, որպես հետեւանք, ստեղ չեն գալիս ո՛չ ներդրողներ, ո՛չ ստեղծագործներ։ Ես հավաստիացնում եմ, պարոն վարչապետ, հարցը մենակ փողը չի։ Շատ նախագծողներ, իմ ընկերներից թեկուզ, պատրաստ կլինեին շատ ավելիքիչ վաստակել այստեղ, եթե իմանային, որ իրենք ստեղծագործությունը գին ունի ու պետք է քաղաքին։ Գաղափարը բերեց Հայաստան շատ պայծառ մարդկանց, էսօր ոչ գաղափար կա, ոչ փող, ինչու՞ գան։
Մենք քսան տարի այդ «ժամանակավոր» վիճակում ենք ապրում։ Անձամբ ես դրանից էնքան եմ հոգնել, որ էլ չեմ ընդունում ո՛չ ժամանակավոր կրպակները, ո՛չ ժամանակավոր ասֆալտը, ո՛չ կացարանները։ Ի՞նչն է խանգարում հենց էսօրվանից անել մտածված ու լավ։ Երկու բան. 1/ կատարյալ անլրջությունը քաղաքաշինության, թեկուզ ամենավատ օրենքների եւ գաղափարների նկատմամբ, 2/ բացարձակ անպատժելիությունը ու ամենաթողությունը /իհարկե, ընտրյալ մարդկանց համար/ հողօգտագործման եւ շինարարության ոլորտում։
Քաղաքապետը խոստացավ, որ ուշ թե շուտ կազատվեն կանաչ եւ հանրային տարածքները։ Հավատում եմ, որ կուզենա անել, ինչու չէ։ Հիմա մի հարց. դուք տեսե՞լ եք, ինչ չափի վերգետնյա «օբյեկտներ» են կառուցված օպերայի պուրակում, դե նրանք, որ Նարեկ Սարգսյանը միշտ ասում ա «թեթեւ կոնստրուկցիաներ», դրանք լուրջ անշարժ գույք են։ Բայց դրանք այսբերգի վերին մասն են, եթե տեսնեք ստորգետնյա շինությունների ծավալները, կվախենաք։ Ու դրանք հանրային այգու տակ են, ու դրանք հավերժ են։ Լավ, ասենք այգու տակ քաղաքապետարանը կարար հանրային շահի համար թեկուզ մասնավոր բիզնես ծրագրով, ասենք, ավտոկայանատեղեր կառուցեր, բայց մանկական կաֆե՞, գետնի տա՞կ։ Ո՞վ է որոշել, ո՞վ է հաստատել, կապ չունի, էլի մեկն ու մեկը իշխանավորներից վախվորած կասի. «դե դա հին սխալ, չէ, սխալ չէ, ոչ շատ հաջող որոշում էր»։
Նարեկ Սարգսյանին հանգիստ չեմ կարող լսել, պատասխանել էլ չի ստացվի։ Պարզվում ա, մշակում են կենտրոնում հարկայնության սահմանափակման որոշում։ Կարո՞ղ ա ես եմ էդ բարձրահարկերը սարքել։ Ի միջի այլոց, ամենահետաքրքիրը ՄԶՄԿ-ից Խուրշուդյան Աշոտի խոսքն էր, որը, ափսոս, համարյա մարդ չընկալեց /դահլիճի բարձրախոսներն էլ մի բան չէին, Աշոտի մտքերն էլ բավական պարզ չէին, պետք է ստիպել, նստի ու մի հոդված գրի/։ Օրինակ, ինքը այդ հարցն էլ շոշափեց. արդյո՞ք եթե մեկը կառուցել է կենտրոնում մի մեծ բան, թեկուզ ապօրինի, մյուսին կարելի է արգելել։
Հետո ԳլխՃարտարապետը պատմեց նորաստեղծ 6 հանձնաժողովների մասին։ Ռուսները կասեին՝ хочешь угробить дело, создай комиссию։
Մի բանը ճիշտ ասեց, համաձայն եմ. գոյություն ունեցող քաղաքաշինական գոտեւորման նախագծերը այնքան թերի են, որ աշխատելու բան չեն։ Համաձայն եմ, հաստատ թերի են, դրա մասին վկայում են նաեւ մի քանի հավերժ պաշտոններ զբաղեցնող կոսծյումավոր ճարտարապետների ելույթները, որոնցից մարդ բան չհասկացավ, բացի «մենք…ապահովել ենք…ցուցանիշները…օրենսդրական բազայի… ներդրումային ծավալների…» եւ այլն, լավ քնաբեր էր։ Բայց հարց է առաջանում, պարոն գլխավոր ճարտարապետ, դուք առաջին անգամ չեք այս բազկաթոռում, էլ չասած ՀՀ Գլխավոր ճարտարապետի առեղծվածային պաշտոնի մասին, ինչու չէիք զբաղվում գլխավոր հատակագծերի հարցով, չէ որ դրանց մշակման վրա պետությունը միլիոններ է ծախսել, փաստորեն անիմա՞ստ։
Շարունակությունը՝ այստեղ