Երեկ Մովսես գյուղի 85-ամյա բնակիչ է վիրավորվել։ Այսօր Ներքին Կարմիրաղբյուրի 60–ամյա բնակիչ է սպանվել իր հողամասում։ Մի զինվոր էլ սպանվել է արցախա-ադրբեջանական սահմանին։
Ասածս ի՞նչ է. քանի դեռ մենք տաք անկողիններում քնած ենք, առավոտները սրճարաններում սուրճ ենք խմում, երեկոյան էլ գարեջուր, քանի դեռ մենք քննարկում ենք՝ որ ֆիլմն արժե նայել կինոթատրոններում, հարյուրամյակը ռեժիմով է լինելու, թե անռեժիմ, համացանցում գրառումներ ենք անում, թե Գյումրու ընտանիքի սպանողին Հայաստանում են դատելու, թե Ռուսաստանում, որտեղ ինչ նոր ավտովթար է տեղի ունեցել, ԵՏՄ մտնելուց հետո ավտոների գները կբարձրանան, թե ոչ, հիշեք. սահմանին իսկական պատերազմ է, ու այնտեղ բազմաթիվ մարդիկ կան այս պահին, ում շնորհիվ ենք մենք առավոտյան սուրճ խմում, երեկոյան էլ գարեջուր։ Հիշեք, որ կգա մի օր, երբ մեր հերթն էլ կգա՝ գնալու, պահելու սահմանը։ Ու պիտի անենք դա ոչ թե քանի որ հեշտ է, այլ քանի որ ճիշտ է՝ հիշելով Մովսես գյուղի երեկ վիրավորված 85-ամյա բնակչին, Ներքին Կարմիրաղբյուրի ու Արցախի սահմանին այսօր սպանվածներին, բոլոր նրանց, ովքեր այնտեղ են հիմա, այս պահին, որ այլևս ոչ ոք չսպանվի։