Մի քանի օր է՝ հանրապետությունում, մեղմ ասած, հետախուզում է հայտարարված ՀՀՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ: Բանն այն է, որ երբ երեկ խորհրդարանը քննարկում էր ՎՊ-ի 2013 թվականի հաշվետվությունը, պարոն Զաքարյանն ուղղակի անհետացել էր, չկար, մինչդեռ մեր ազգային երեսփոխաններն ամենայն հայոց համառությամբ ու մի տեսակ նույնիսկ պնդաճակատությամբ փորձում էին գտնել ու ԱԺ բերման ենթարկել վերջինիս, թեև նույնիսկ պատգամավորի պնդերեսությունն այս անգամ չօգնեց, ու Իշխան Զաքարյանն այդպես էլ չհայտնվեց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից էլ հանրապետական մեր հարգված ԶԼՄ-ներից մեկը երբ փորձել է հետաքրքրվել, թե տեղյա՞կ է ինքը, որ Իշխան Զաքարյանը ԼՂՀ-ում է և այլն և այլն, հնչած պատասխաններն այնքան էլ հուսադրող չեն եղել, մեղմ ասած, ու հիմա մի հարց է առաջանում` Իշխան Զաքարյանի գտնվելու վայրը գաղտնի՞ էր պահվում հանրությունից, և եթե այո, ապա ինչո՞ւ: Չէ՞ որ նույն Իշխան Զաքարյանը նույն հաշվետվության համար ժամերով, օրերով եղել է ԱԺ-ում, հանձնաժողովներում, բոլոր ֆրակցիաներում և պատասխանել է այն բոլոր հարցերին, ուրեմն էլ ինչո՞ւ է հիմա բառացիորեն անհետացել:
Բայց եկեք անկեղծ խոսենք. ժամանակին, երբ նույն Իշխան Զաքարյանն անկեղծորեն խոսում էր մեր իշխանական բուրգի այսպես ասած լափումներից, որ նույն հաշվետվությունն է՝ մի փոքր իրական անունով ասած, ապա հիշում եք՝ ինչ կատարվեց. սկսած երկրի նախագահից մինչև «ճ» կարգի բլոգ՝ մարդու մասնագիտական կարողությունները դրեցին հարցականի տակ ու սկսեցին էլ դատափետել, էլ պարսավել, էլ ծաղրել: Ուրեմն էլ ինչո՞ւ պիտի մարդն իր ծանր տեղը թեթևացնի ու իր մասնագիտական կարողությունների համեմատ իրական արդյունքներ ներկայացնի: «էս պատին էս սվաղն էլ է հերիք» տրամաբանությամբ` ուզում եք աչքի թոզ փչոցի, պարոնայք, ուրեմն ստացեք ձեր ուզածը, եղեք երջանիկ, ինչպես հայտնի խոսքում է ասվում գայլերի ու ոչխարների մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել