Ձեզ ենք ներկայացնում Քսենիա Կրուշինսկայայի մտքերը՝ կանացի անհավատարմության ու դրա հետևանքները հաղթահարելու մասին ուշագրավ հոդվածի ամբողջական թարգմանությունը։

Բոլորն էլ ունեն իրենց դիրքորոշումները, դրանք իրենցից ներկայացնում են կյանքի անքակտելի կանոններ, որոնք սերտվում են ծնված օրից. խաբելը վատ է, գողանալն անթույլատրելի է, դավաճանելն աններելի է, անհավատարիմ լինել՝ ոչ մի դեպքում։ Մենք մեծանում ենք՝ վստահ լինելով, որ միշտ լավն ենք լինելու, իսկ ծերանալով՝ հիշում ենք մեր երիտասարդությունը բարի ժպիտով։

Ինձ հետ հենց այդպես եղավ։ Ծնողներս միշտ հավատարիմ են եղել միմյանց նկատմամբ, ու իմ աչքի առաջ գրեթե իդեալական ամուսնության մոդել էր։ Իմ առաջին լուրջ հարաբերություններում, որոնք 4 տարի տևեցին, անհավատարմության դրվագներ չեն եղել։ Այդպիսիք չեն եղել նաև հետագայում՝ ավելի կարճատև հարաբերությունների համատեքստում։

Ինչպես և շատ այլ միամիտ արարածներ, ես մտածում էի, որ առանց դավաճանելու կարողանում է հանգիստ ապրել մարդկանց 99.9 տոկոսը, իսկ խորամանկ կնամոլներն ու փչացած կանայք ուղղակի սերիալների սցենարիստների հորինվածքներ են։ Թե որքան դաժանորեն էի ես սխալվում, ցույց տվեց իմ գործուղումը Լոնդոն։

Ես արդեն 26 տարեկան էի, ու բացի ինձանից, գործուղված էին ևս մի քանի լրագրող կանայք՝ 29-34 տարկեկան։ Շատ շուտով ես պարզեցի, որ Լենան միաժամանակ երկու տղամարդկանց հետ է հանդիպում, իսկ Անյան, միանգամայն ողջ ամուսին ունենալով, բոյֆրենդ էլ ունի։ Դե իսկ ամուսնացած Իռան սիրեկան ուներ, ով «միայն սեքսի համար էր»։ Իմ նոր ծանոթների համար բացարձակապես խորթ էր խղճի խայթ ասվածը։ Իրենց անձնական կյանքի մասին նրանք պատմում էին այնպիսի ոգեշնչվածությամբ, ասես շոփինգից խոսելիս լինեին։ «Դու չափազանց երիտասարդ ես դեռ»,-ավագ քրոջ տոնայնությամբ ասաց ինձ Անյան մի քանի բաժակ շամպայն խմելուց հետո, երբ ես նրան պատմեցի իմ կենսական սկզբունքների մասին։


Ես մեծացա ու այո՛... Իմ միջի լավ աղջիկը կապիտուլյացիայի ենթարկվեց, ու ես կողմնակի սիրավեպ ունեցա, երբ արդեն երկու տարի է՝ լուրջ հարաբերությունների մեջ էի գտնվում, որոնցում ամեն ինչ կարգին էր, ու մենք արդեն պատրաստվում էինք համատեղ ապրել։ Այնուամենայնիվ, տեսադաշտումս հայտնվեց ուրիշը, ով իմ նախկին կոլեգան էր ու իմ պաշտոնական զուգընկերոջ հակապատկերը։ Ամեն ինչ եղավ ինչպես ֆիլմի սցենարում. սկզբում մենք ընկերներ էինք, հետո հասկացանք, որ մեզ իրար ավելին է կապում, քան զուտ ընկերությունը, հետո սկսեցինք թաքուն հանդիպել, զանգահարել ու հաղորդագրություններ գրել միմյանց։ Նա պնդում էր, որ սիրում է ինձ, ու ինձ թվում էր, թե պատրաստ եմ պատասխանել նրան փոխադարձաբար։

Բացի ամենամտերիմ ընկերուհուցս, ոչ ոք չգիտեր, որ իմ հարաբերությունները մազից են կախված, ու ես գրեթե պատրաստ եմ կտրուկ փոխելու կյանքս ու շարունակելու այն այլ մարդու հետ։ Ես մի կերպ ինձ զսպեցի ու մտորումների մեջ էի շուրջ մի ամիս, և այդ ամիսն ամենատանջալիցն էր կյանքումս։

Այդ օրերին ես հիշեցի լոնդոնյան ընկերուհիներիս, բայց միայն նրա համար, որպեսզի երևակայական հակափաստարկ բերեի նրանց. «Ու դուք ՍՐԱ մասի՞ն էիք այդքան հեշտ խոսում։ ՍԱ՞ կարող է լինել ոչնչի չպարտավորեցնող ու հաճելի ժամանցի ձև։ Ո՛չ, մենք տարբեր ենք»։

Կողմնակի հարաբերություններն ավարտվեցին, ու իմ բոյֆրենդը չիմացավ անհավատարմությանս մասին։ Հոգեթերապևտն օգնեց հասկանալ ինքս ինձ ու ընտրել երկուսից մեկին։ Սակայն ես ոչնչի համար չեմ ափսոսում։ նախ, ցանկացած ուժեղ ապրում արժեքավոր կենսափորձի է վերածվում։ Հետո էլ... դա իհարկե կարող է կոպիտ ու վուլգար հնչել, բայց... անհավատարմությունն օգնում է մեզ գնահատել ըստ արժանվույնս այն, ինչ առանց դրա չենք գիտակցում ու գնահատում։

Իմ գայթակղությունն իր էությամբ մաքուր էսթետ էր, ու դա օգնեց ինձ, որպեսզի ես նորովի գնահատեմ իմ ընկերոջ պրակտիկությունն ու հոգատարությունը։ Իմ «ապօրինի» բոյֆրենդը զգացմունքային էր ու փխրուն, ինչը ստիպեց ինձ էլ ավելի երջանիկ զգալ իմ զուսպ ու հավասարակշռված տղամարդու կողքին։ Ու այսպիսի զուգահեռները շատ-շատ էին, և արդյունքում իմ հավատարմությունը ծառայեց հօգուտ իմ հիմնական հարաբերությունների։

Ինչ վերաբերում է Լոնդոնի ընկերուհիներիս հետ համաձայն լինել-չլինելուն։ Մի կողմից ես առաջվա պես համաձայն չեմ նրանց հետ ու չեմ կարողանում թեթևամտորեն վերաբերվել անհավատարմությանը։ Ինձ համար դա շատ լուրջ խնդիր է, որը պահանջում է արագ լուծում՝ ասես փոքր կամ էլ մեծ երկրաշարժ մեր ներաշխարհում։ 

Մյուս կողմից, այո՛, նրանք իրավացի էին։ Ես պարզեցի ինձ համար, որ ոչ մեկս էլ սուրբ չենք, այդ թվում նաև ես, և պետք չէ խիստ դատով դատել մյուսներին։ Ես չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվի իմ հետագա կյանքը։ Եթե ինձ հարցնեն, թե արդյո՞ք էլի կհամարձակվեմ անհավատարմության գնալ, ես հաստատակամորեն կասեմ, որ ոչ, բայց եթե ես հայտնվեմ գրավիչ մի տղամարդու կողքին, և մենք լինենք մենակ, ու իմանամ, որ ոչ ոք երբեք չի իմանա... թերևս անպատասխան կթողնեմ այս հարցը, որովհետև իմ միջի լավ աղջիկը համեստորեն լռում է։

Ամեն դեպքում ես մշակել եմ որոշակի կանոնների մի ցանկ հատուկ նրանց համար, ովքեր, այնուամենայնիվ, հակված են անհավատարմությանը.

1. Երբեք ու ոչ մի պարագայում մի խոստովանեք, որ անհավատարիմ եք եղել։ Ես մի ընկեր ունեի, ով ասում էր. «Մի խոստովանիր, բայց եթե կա թեկուզ չնչին հավանականություն, որ քո տղամարդը մի օր կիմանա ամեն ինչ, ապա ինքդ պատմիր»։ Ես կտրականապես համաձայն չեմ։ Բերաններդ փակեք, ու բացարձակապես ոչ մի բացառություն չի կարող լինել, որպեսզի Դուք անեք հակառակը։ Նա ինչ-որ բա՞ն է կասկածում։ Նա վստա՞հ է։ Հերքեք ամեն կերպ ու պայքարեք, ասես պարտիզան լինեք՝ հարցաքննության ենթարկվող։ Ոչ ու վերջ, ոչինչ էլ չի եղել։ Եթե Դուք խոստովանեք, ապա դա Ձեր քթից կգա, անգամ եթե նա ների Ձեզ, որովհետև տղամարդը կարող է ներել, բայց մոռանալ չի կարող, և դա կարտահայտվի կշտամբունքների, կատակների ու մեղադրանքների տեսքով։ Դա Ձեզ պե՞տք է։

2. Մի դավաճանեք նրան իր ընկերների հետ։ Այստեղ ամեն ինչ ակնհայտ է. նրա ծանոթները տաբու են, նույնպիսի տաբու, ինչպիսին, օրինակ, ինցեստն է կամ ինչ-որ ուրիշ այլասերվածություն։

3. Աշխատեք չմեղադրել ինքներդ Ձեզ։ Անհավատարմությունն ու մեղքի զգացումը պղտորում են մեր կյանքը։ Ճիշտն ասած, խղճի խայթը հանգստացնել անձամբ ես չկարողացա, բայց հավանական է, որ դա հաջողվի Ձեր մոտ։

4. Ինքներդ Ձեզ հարցրեք. ինչո՞ւ։

5. Եվ վերջապես ամենակարևոր կանոնը. փորփրեք Ձեր հոգին ու հասկացեք, թե հանուն ինչի եք ուզում անհավատարմության գնալ։ Ի՞նչ եք ուզում գտնել այլ տղամարդու մեջ։ Ի՞նչ եք ուզում կոմպենսացնել՝ սե՞քսը, ուշադրությո՞ւնը, հոգեկան ջերմությո՞ւնը... Երբ գտնեք այս հարցերի պատասխանները, ապա անհավատարմությունը կարող է դառնալ օգտակար այն իմաստով, որ կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչն այն չէ Ձեր հարաբերություններում, և Դուք հնարավորություն կունենաք ամրապնդելու Ձեր հարաբերությունների այդ խարխուլ կետերը, կամ էլ... կօգնի թողել դրանք անցյալում։ Ի վերջո, հաճախ հենց այդ տարբերակն է առավել ճիշտ լինում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել