2004թ. փետրվարի 4-ին հարվարդյան հանրակացարանի սենյակում ծնվում է մի նոր նախագիծ` սոցիալական ցանց Facebook: Նախագծի ստեղծմանը մասնակցում են Ցուկերբերգի ընկերներ Դասթին Մոսկովիցը, Քրիս Հյուզը և Էդուարդո Սավերինը: Կայքի բացումից վեց օր հետո ավագ կուրսերի ուսանողներ Քեմերոն և Թայլեր Վինքլվոսս եղբայրներն ու Դիվյա Նարենդրան մեղադրում են Ցուկերբերգին, որ նա գողացել է իրենց գաղափարը: Նրանք պնդում են, որ 2003թ. վարձել էին Ցուկերբերգին, որ նա ավարտի իրենց HarvardConnection.com սոցիալական կայքի ստեղծումը, իսկ Ցուկերբերգը ոչ միայն ավարտին չի հասցրել գործը, այլև Facebook-ի ստեղծման համար օգտվել է այդ աշխատանքի արդյունքներից:
Նույն տարվա ընթացքում Վինքլվոսս եղբայրները թողարկում են իրենց այդ կայքը` անվանափոխելով ConnectU-ի: Շարունակելով մեղադրել Ցուկերբերգին` նրանք բողոքում են Հարվարդի վարչակազմին և Harvard Crimson թերթին: Սկզբում Ցուկերբերգը փորձում է համոզել թղթակիցներին չհրապարակել այդ ամբողջ վեճը, ցույց է տալիս այն, ինչ իբր արել էր HarvardConnection.com -ի համար, սակայն թերթը որոշում է հրապարակել հոդվածը, ինչից Մարկը չարանում է: Ցուկերբերգը սկսում է վրեժ լուծել Harvard Crimson-ից և կողոպտում է թերթի երկու թղթակիցների էլեկտրոնային փոստերը` օգտագործելով նոր բացված Facebook-ը: Նրան հաջողվում է կարդալ www.HarvardConnection.com-ից եկած բոլոր հաղորդագրությունները:
Վինքլվոսս եղբայրներն ու Նարենդրան դատի են տալիս նրան, սակայն դատարանը չի ընդունում նրանց հայցը: 2009թ. Ցուկերբերգը համաձայնում է ConnectU կազմակերպությանը վճարել $65 մլն` մինչդատական հաշտեցման գործընթացի շրջանակներում: Դրանից հետո գործը փակվում է: Այդ ժամանակվա տվյալներով, ConnectU-ն ուներ 100 000-ից քիչ հաճախորդ, իսկ Facebook-ը կարող էր պարծենալ 150 մլն-ով:
Քանի որ, ինչպես նշեցինք, Facebook-ն ի սկզբանե փակ սոցիալական ցանց էր Հարվարդի ուսանողության համար, գրանցվել կարող էին միայն այն ուսանողները, որոնց e-mail-ը ավարտվում էր Harvard.edu-ով: Հետզհետե ցանցին միանում են և այլ բուհերը, որոնց ուսանողները հայտ էին ներկայացնում Facebook-ի անդամ դառնալու համար: Նորեկները կարող էին փնտրել և նայել միայն իրենց համալսարանի օգտատերերի էջերը: Սակայն նրանք ստիպված էին սպասել. ցանցի հեղինակները դեռ այնքան եկամուտ չունեին, որ 85-դոլարանոց սերվերներ գնեին` օգտատերերի սպասարկման համար: Ցուկերբերգը որոշում է իր նախագծին նվիրել ամառային արձակուրդը, մեկնում է Պալո-Ալտո: Այնտեղ նա պատահմամբ ծանոթանում է Շոն Պարկերին` ֆայլափոխանակող Napster ցանցի լեգենդար հիմնադրին: Պարկերի գործերն այդ ժամանակ վատ էին` Napster-ը սնանկացել էր: Նա Ցուկերբերգին ծանոթացնում է PayPal-ի նախկին տնօրեն Պիտեր Թիլի հետ, որը և դառնում է Ֆեյսբուքի առաջին պաշտոնական ներդրողը, և 2004թ. սեպտեմբերին Facebook-ը ստանում է $500 000: Երեք տասնյակ ուսանողական քաղաքների հետ աշխատող սոցիալական ցանցը Թիլը գնահատում է $5 մլն: Այսպիսով, Պարկերի փորձն ու ծանոթների լայն շրջանակը հեշտացնում են Facebook-ի ֆինանսավորման աղբյուրների փնտրտուքը:
Ավելացնենք, որ այսօր արդեն Ֆեյսբուքի մաքուր եկամուտը կազմում է 8-9 մլրդ դոլար: