Orer․am-ը գրում է․
Հայաստանում 2014 թվականին գրանցվել է 18 հազար 912 ամուսնություն, որը 3 տոկոս ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Դրան զուգահեռ, ամուսնության միջին տարիքը փոքր-ինչ ավելացել է’ տղամարդկանց դեպքում կազմելով 30.2 տարեկան, իսկ կանանց դեպքում’ 26.5 տարեկան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով’ առաջին ամուսնության միջին տարքիը ավելի ցածր է, և տղամարդկանց դեպքում կազմում է 29.1 տարեկան, իսկ կանանց դեպքում’ 25.8 տարեկան:
«Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով Հայաստանում ամուսնությունների թիվը նախորդ տարի կազմել է 6.3 պրոմիլ’ 2013 թվականի 6.1 պրոմիլի համեմատ: Ամուսնությունների դեպքերը միջին հանրապետական ցուցանիշից պակաս են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում, իսկ մյուս մարզերում ամուսնության ցուցանիշը միջին հանրապետականից բարձր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Չնայած ամուսնությունների թվի աճին՝ Հայաստանում զգալի ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Կարինե Կույումջյանի փոխանցմամբ’ նախորդ տարվա 3756 ամուսնալուծության փոխարեն այս տարի գրանցվել է 4498 դեպք: Այսինքն’ աճը գրեթե 20 տոկոս է:
Ամուսնալուծությունների ցուցանիշը’ ըստ ամուսնության տևողության, առավել բարձր է 20 տարուց ավելի ամուսնական կյանք ունեցած զույգերի մոտ: Նրանց ամուսնալուծության ցուցանիշը կազմում է ընդհանուրի ավելի քան 31 տոկոսը: 1-4 տարի ամուսնական կյանքից հետո ամուսնալուծվածները կազմել են ամբողջ ամուսնալուծությունների ավելի քան 22 տոկոսը, իսկ մյուս դեպքերում ցուցանիշն ավելի ցածր է»,- ընդգծեց Կույումջյանը:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցչի խոսքով’ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, իսկ մյուս մարզերում այն մոտ է եղել միջին հանրապետական ցուցանիշին: