Երեկ նորից նայեցի ավտոերթի և արցախցի ուժայինների բախումն ու նորից չիմացա՝ ինչպես վանեմ ծանր մտքերս: Երևի լեզուս կապ ընկնելուց էր, որ ինքս իմ մազերից քաշելով՝ հասա պոեզիայի ափին: Ու առավոտյան հասկացա, որ, միևնույն է, չեմ կարող չասել՝ Արցախի մատույցներում «խիզախորեն» հայաստանցիներին դիմավորած արցախցի եղբայրներ, էս ի՞նչ եք անում: 
Արդյո՞ք կհաղթեինք, եթե նույնկերպ՝ դիմադրությամբ, ընդունեիք հայաստանցիներին ու սփյուռքահայերին: Ձեր մեջ կա՞ մեկն ու մեկը, որ Ժիրայր Սեֆիլյանի չափ կամք ու տոկունություն է ունեցել պատերազմի տարիներին: Մեկը, որ անձնազոհության չափ սիրում է հայոց հողը: Կա՞ մեկը, որ Ժիրայրի վրա ձեռք բարձրացնելու իրավունք ունի: 
Ձեր մեջ որտեղի՞ց հայտնվեց խաղաղ երթավորներին խեթ նայելու, ձեր ու մեր ընդհանուր տան դուռը շրխկոցով փակելու, անգամ կանանց ու երեխաների վրա թրքաբար հարձակվելու չար կամքը: 
Հասկացա՞ք, որ դուք երեկ պատերազմ ապրած ու հաղթած տղերքը չէիք, այլ տեղով ՍԵՊ: 
Եվ Արցախի ոստիկանության հայտարարությունը ՍԵՊԱ-գիրն էր: 
Եթե անգամ գալիք ռազմական արհավիրքներին սեփական ուժով դիմակայելու հավակնություն ունեք և ենթադրենք՝ կարող եք, էլի մի արեք: Մայրական երախտագիտության մեդալները բաժանելով՝ ոչինչ ավարտված մի համարեք: Մտածեք, թե ինչպես հանեք սեպը, որ դուք, թուրքին ուրախացնելով, խրեցիք: Խայտառակությունը խոստովանելը նույնպես տղամարդկություն է: 
Գիտեմ, թե հիմա ինչ հուսահատ ու թևաթափ են տղերքը, ովքեր կիսում կամ չեն կիսում Ժիրայրենց գաղափարներն ու պայքարի եղանակները, նույն տղերքը, ում ժամանակին գրկաբաց էիք ընդունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել