Pastinfo.am-ը գրում է.

Երկու օր առաջ հայկական բանակում հերթական սահմռկեցուցիչ հանցագործությունը տեղի ունեցավ. խաղաղ պայմաններում, ավելին` մամուլում հայտնված տեղեկություններով` հենց իր անկողնում սպանվեց զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը: Դեպք, որ հերթական սև բիծը պետք է թողնի հայոց բանակի` պատերազմի բովում կոփված, նվիրյալ զինվորների արյամբ լվացված հեղինակության վրա:

Ինչպե ՞ս է պատահում, որ նույն այդ բանակի հեռավոր դիրքերում կանգնած այլ տղաներ սեփական կյանքի գնով պաշտպանում են հայրենիքի սահմանները, իսկ այստեղ` մայրաքաղաքի զորամասում, նրանց հասակակիցները դաժանաբար սպանում են իրենց ծառայակից ընկերոջը:

Իհարկե, տականքներ ամեն տեղ լինում են, և դժվար է, թերևս, բանակը զերծ պահել նրանցից: Բայց խնդիրը ոչ թե այսօրինակ տականքներին բանակ զորակոչելն է, այլ բանակում նրանց արտոնություններ շռայլելով մարդասպաններ դարձնելը:

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` տեղի ունեցածը կանխամտածված դաժան սպանություն է, որի կատարողները նաեւ նախապես փորձել են  ապացույցներ ստեղծել` իրենց ծրագրած սպանությունը թաքցնելու եւ ինքնասպանության իմիտացիա ստեղծելու համար: Նախ զինվորին ծեծել են ու ստիպել են նամակ գրել, թե ներողություն է խնդրում, որ իր քայլով խառնաշփոթ է ստեղծում, ապա հենց զորամասի ննջասենյակում 4 հոգով ծեծել նրան, կտրել երակները ու տարել  զորամասի մարզահրապարակ եւ կախել պտտաձողից: Ինչ է սա, եթե ոչ վայրագություն:

Թե հրապարակված տեղեկությունները որքանով են արտացոլում բուն իրականությունը` առայժմ պաշտոնական աղբյուրները չեն շտապում մանրամասնել: Սակայն փաստ է, որ տեղի ունեցածը սպանություն է եւ ոչ թե ինքնասպանություն, ինչը հենց դեպքի օրը հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեն: «2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջոցներ են ձեռնարկվում ապահովելու դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, առերեւույթ հանցագործության կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ», - հունվարի 29-ին հայտարարեց Քննչական կոմիտեն, իսկ արդեն հունվարի 30-ին մամուլի հաղորդագրություն տարածվեց 4 հոգու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են  Հայկազ Բարսեղյանին խմբով սպանելու մեջ:

Սպանության կասկածանքով ձերբակալված Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանն ոչ թե այդ զորամասի ժամկետային ծառայողներ են, այլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանողներ` ապագա սպաներ:

Պատահական չէ, որ հանցագործության առաջին իսկ օրը Սեյրան Օհանյանի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց, չբացառվեցին նաև պաշտոնանկությունները: Ըստ մամուլի, հանցագործության կասկածանքով 4 ձերբակալվածների թվում հենց այդ զորամասի բարձրաստիճան սպաների ու որոշ պաշտոնյաների զավակներ կան:

Այս զավակներն ամենասառնասիրտ մարդասպանների նման նախ մանրամասն ծրագրել են իրենց ինչ-որ բանով դուր չեկած ծառայակցի սպանությունը, ապա նաև բոլորի աչքի առաջ իրագործել այն:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել