Tesankyun.am-ը գրում է․

Տավուշի մարզի   Բերդի տարածաշրջանի  սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա  Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ապրիլի 10-ին՝ վերադարձվել Հայաստան: Զանգվածային լրատվության տարբեր միջոցներում տեղեկություններ են տարածվել, որ  նա կաթված է ստացել,  դեղորայքի պակաս է զգում:  Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան ասաց, որ կաթված ստանալու մասին լուրը  ճիշտ չէ եւ խնդրեց հերքել այն: Նա ասաց, որ  Արսենը  իրենց տանը պառկած է,  նյարդային որոշ խնդիրների պատճառով դժվարանում է տեղաշարժվել: Արսեն Խոջոյանը նաեւ մաշկի հիվանդություն ունի, դեղորայք է ընդունում: Սվետլանա Խոջոյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը  Արսենի համար դեղորայք է ուղարկում: Մոր վկայությամբ՝ առաջիկայում Արսենը բուժզննման նպատակով կմեկնի Երեւան: Ս.  Խոջոյանին հարցրինք իրենց ընտանիքի ունեցած պարտքերի մասին: Նա ասաց, որ իրենց  օգնել են  պարտքերը մարելու համար, դրանց մի մասը փակվել է, սակայն այլ պարտքեր  կան: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ Խոջոյանների ընտանիքը բազմանդամ է՝ 9 հոգուց բաղկացած, հոգսաշատ,Խոջոյանները  չեն կարողանում պարտքերից ազատվել:  Սվետլանա Խոջոյանը Վերին Կարմիրաղբյուրի  գյուղապետարանի ենթակա հիմնարկում՝ գյուղի մշակույթի տանը հավաքարար է աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել