Ճշմարիտյան. «»

«Մենք արդեն մարտ կմտնենք, իսկ Վրաստանն

ու էն մյուս հարևանը կմնան փետրվարում»

ԵՐԵՎԱՆ – Այսօր կայացած նիստի ժամանակ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Կառավարության առաջարկած օրինագիծը, համաձայն որի` փետրվար ամիսը կրճատվում է 2 օրով: Կառավարության կարծիքով փետրվարի կրճատումը կխթանի տնտեսությունը և հսկայական խնայողություն անելու հնարավորություն կստեղծի:
Օրինագիծը ներկայացրած Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մասնավորապես նշեց. «Միայն լույսի վարձի վրա շուրջ 6% խնայողություն կանենք: Թվում ա, թե շատ չի, բայց հանրապետության մասշտաբով որ հաշվեք, մեծ թիվ է արդեն ստացվում: Իսկ հիմա դրան գումարեք գազի, ջրի, ինտերնետի վարձերը: Համեստություն չի լինի ասել, որ Նոբելյան մրցանակի արժանի տնտեսական գյուտ է»: Նախարարի խոսքով՝ ժողովուրդը նույնպես կշահի նոր օրինագծից, քանի որ 2 օր շուտ աշխատավարձ կստանա:

Օրինագծին դեմ չի արտահայտվել անգամ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր-ջեդայ Հրանտ Բագրատյանը: «Սա էն համարձակ ու նորարարական մոտեցումն է, որի մասին ես քանի տարի է՝ խոսում եմ այս ամբիոնից: Ինձ էլ է հետաքրքիր` ինչով կավարտվի կառավարության այս նախաձեռնությունը: Հետո մարտն էլ ե՞ն կրճատելու, ի՞նչ են անելու, երբ տարին ժամանակից շուտ ավարտվի»,–ասաց Բագրատյանը` խոստանալով կողմ քվեարկել:

Ի վերջո, 26-օրյա փետրվարին կողմ քվեարկեց 122 օրենսդիր, և ընդամենը մեկ «դեմ» ձայն արձանագրվեց: «Դեմ» քվեարկողը պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն էր. «Հրաշալի նախագիծ է, երևի ամենալավը, որ մտել ա այս խորհրդարան, ուղղակի փետրվարի 27-ին իմ ծննդյան օրն է: Ուզում եմ շարունակել նշել ծնունդս»:

Որոշումը կարող է կոլապս ստեղծել օրացույցների ոլորտում, քանի որ արդեն տպագրված հազարավոր օրացույցներ de facto դառնում են անպիտան, սակայն կառավարությունը պատրաստ է այդ զոհաբերությանը` հանուն հանրային շահի: Ճշմարիտյանը հավաստիացրեց, որ 13-րդ ամիս չի ստեղծվելու, պարզապես ՀՀ տարածքում 2016թ. ավելի շուտ կսկսվի:

«Միշտ համեղ տորթ ենք թխում այդ օրը»

«Այդ օրը միշտ համեղ տորթ ենք թխում,

հյուրեր են գալիս… »

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել