Միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը ծնվել է 1982-ի հոկտեմբերի 6-ին, Երևանում: 2005-ին եղել է աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ և 38-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 1999-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցել է «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձել նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու):
Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2011-ի օգոստոսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն է (2807):
Նրա հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը, լեռնային ճարտարագետ: Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում` քրոջից: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Տարիներ անց նրան մոտ կես տարի մարզել է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ:
1994-ին Հունգարիայի Շեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն: Այդ առաջնությունում նա իրենից հետ թողեց ապագա բարձրակարգ գրոսմայստերներ Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալիեխոյին (Իսպանիա) և Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվեց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: 1995-ին Փարիզում Արոնյանը հաղթեց մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում: 1996-ին դարձավ միջազգային վարպետ: 1997-ին Արոնյանը նվաճեց «Կասպարովի գավաթը»: 1999-ին դարձավ Հայաստանի չեմպիոն և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում, որը Բաթումում դարձավ Եվրոպայի չեմպիոն: 2000-ից միջազգային գրոսմայստեր է: 2002-ին Հնդկաստանում նա նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը:
2001-ից ապրում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը, որը համարում է իր հայրենիքը. «Գերմանիայում ինձ լավ եմ զգում, սակայն... դա իմ հայրենիքը չէ»: 2003-ին դարձավ Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող: 2005թ. Հիկարու Նակամուրայի և Բորիս Ավրուխի հետ համատեղ հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում, իսկ Ստեփանակերտի մրցաշարում դարձավ միանձնյա հաղթող` առաջ անցնելով նույն Նակամուրայից և ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Այդ հաղթանակներով սկսվեց Արոնյանի վերելքը և նա ներխուժեց շախմատային էլիտա:
2010-ի նոյեմբերին առաջին անգամ հաղթահարեց 2800 միավորի սահմանը (2801) և դարձավ աշխարհում վեցերորդ շախմատիստը (աշխարհի չեմպիոններ Գարի Կասպարովից, Վլադիմիր Կրամնիկից, Վիշվանաթան Անանդից, Վեսելին Տոպալովից, ինչպես նաև նորվեգացի Մագնուս Կառլսենից հետո), որին հաջողվեց հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/425835427473966
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել