Այդ քամին է մեղավոր կամ էլ անձրևն է աչքերը թրջել . . .
. . . Գիտե՞ս այսօր մի հարց էր ինձ տանջում. մենք ավելի շատ զղջում ենք մեր ունեցածը կորցնելու համար, թե՞ երբ կորցնում ենք այն ընդհանրապես ունենալու հնարավորությունը: Վաղուց որոշել եմ զրուցել հետդ, ասել քեզ ամեն ինչի մասին, բայց ամեն անգամ չի ստացվում: Ճիշտ այնպես, ինչպես երկինքը ամպերով է ծածկվում և բոլորին թվում է, թե ահա, շուտով անձրև կտեղա, բայց . . . ոչ մի անձրև էլ չի գալիս: Իսկ անձրև եկավ . . . նույնիսկ բնությունը այսօր չդիմացավ, իսկ ես դեռ դիմանում եմ . . .
Փորձե՞լ ես երբևէ հասկանալ անձրևին: Որքա՜ն տառապած սեր կա նրանում, ինչպիսի՜ լուռ ցավ, ափսոսա՜նք . . . թախի՜ծ . . . ինչպիսի՜ անկեղծություն: Չկա մի զգացմունք, չկա մի զգացում, որ նրանում չլինի. անձրևն էլ ինձ պես բոլորին հասկանում է, այդ նրան են քչերը հասկանում և արդյո՞ք հասկանում են:
Ես հասկանում եմ . . . հասկանում են այն դպրոցական աղջկան, որ սիրահարված է իր դասընկերոջը, ով նրան օրվա մեջ երևի մի հինգ անգամ էլ չի նկատում: Իսկ այդ աղջկա համար նրա դպրոցական ու սովորական բարևը մի կյանք է, անսպառ ժպիտի երաշխիք: Եվ դասերից հետո նա տուն է վազում, մտնում է սենյակ, միացնում իր սիրած երգը ու բարձն է գրկում նրա փոխարեն և երբ աչքերը փակում է, միայն նրա ժպիտն է հիշում:
Ես հասկանում եմ . . . հասկանում եմ այն երիտասարդին, ով <<սխալմամբ>> իր տնօրենի աղջկան է սիրահարվել: Ով բնավ հույս էլ չունի այդ սիրուց, բայց երբեք բաց չի թողնի հեռվից ու թաքուն իր հրեշտակին տեսնելու հնարավորությունը: Ախր նա այդ պահին աշխատել չի էլ ուզում, սակայն պատրաստ է գիշերն էլ աշխատել, միայն թե նա մնա և թեկուզ մի բառ էլ չխոսեն:
Ես հասկանում եմ . . . հասկանում եմ այն կնոջը, ով իրեն ամենադժբախտն է համարում` իր նման միլիոնավոր կանանց նման: Մոր հետ է ապրում, ով արդեն ծերացել է . . . իսկ իր կյանքում եղան մարդիկ` մեկը կամ երկուսը, գուցե երրորդն էլ է եղել, բայց նրանցից ոչ մեկ տղամարդ չդարձավ, իր տղամարդը չդարձավ: Եվ ամեն անգամ հառաչանքով է ետ նայում իր ապրած կյանքին . . . ու նրա միակ ու անկատար երազանքը երեխան մնաց, դրա համար էլ մանկապարտեզում իր խմբի երեխաներին սիրում է և ուզում է տալ այն, ինչ կտար իր սեփական երեխաներին:
Ես հասկանում եմ . . . և հասկանում եմ, որ հոգնում եմ հասկանալուց: Էլ չեմ ուզում հասկանամ և ուզում եմ աշխարհում ինձ խորթ բաներ էլ մնան:
Գիտե՞ս ինչու են տխուր ու սիրահարված մարդիկ զբոսնում, երբ ցուրտ քամի է կամ անձրև է գալիս: Այդ ժամանակ նրանք կարող են արտասվել, որքան ցանկանան: Այդ քամին է մեղավոր կամ էլ անձրևն է աչքերը թրջել . . . և ոչ մի դեպքում նա կամ բախտը սեփական . . .
Աշխարհում մի սրվակ կա, որ որքան լցնես, այն չի լցվելու . . . իսկ եթե քեզ թվա, թե լցվել է ու եթե մի քիչ էլ լցնես, կպայթի, դու էլի լցրու . . . այդ սիրտն է, որ որքան ուզես, այնքան թախիծ կտեղավորես այնտեղ և էլի տեղ կմնա . . .
Ես վաղուց եմ ուզում քեզնից լսել, այն ինչ լավ գիտեմ: Ուզում եմ, որ թախիծս ամբողջական դառնա, որ . . . որ շարունակեմ սիրել քեզ . . .
Իսկ ես չգիտեի, որ տխրությունից ջերմում են ծանր հիվանդի նման . . . որ այսպես սիրում են . . .
Ես ջերմում եմ, բայց ես չեմ զառանցում . . .
Սիրում եմ քեզ . . .
<<Եթե միայն նա իմանար . . .>> (հատված կյանքի հատվածից)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=321603654604484&set=a.304584646306385.64497.100002645574961&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել