Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ ԶՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ «Արիության համար» մեդալով:
Հերոսին շնորհվել է կապիտանի կոչում:
Պատմում է հերոսի մայրը՝ տիկին Հերմինեն.
-Անհամբերությամբ էինք սպասում Զորիկիս ծնունդին. մեր առաջին երեխային կորցրել էինք, երբ ընդամենը երկու տարեկան էր: Զորիկի ծննդյան օրը մեր ընտանիքի ամենաերջանիկ օրն էր` ուրախ էինք, հրճվում էինք: Փոքրիկի համար անուն դեռ չէինք ընտրել… Պապիկը եկավ հիվանդանոց, ասաց, որ պիտի գնա ծննդականն ստանալու ու ինձ պատվիրեց, որ երեխայի անունը որոշեմ: Նա չգիտեր, որ ես արդեն որոշել էի. շարժման տարիներն էին, եւ ես էլ հիացած էի Արցախի ազատագրման ջատագով, առաջամարտիկ, մտավորական Զորի Բալայանով: Ուզում էի, որ իմ որդին նրա նման խելացի, ճանաչված, հայրենասեր ու քաջ մարդ մեծանա… Հայկական անվանագրքում Զորի անունը չգտա, ուստի ընտրեցի Զորիկը…
Ես շատ ուշադիր էի նրա նկատմամբ… Դողում էի նրա վրա` հանկարծ երեխայիս ոտքը քարին չառնի… Երբեք վրան չեմ բարկացել, բարձր ձայնով հետը չեմ խոսել… Ախր նա առիթ էլ չէր տալիս… Երբեք առավոտյան չեմ արթնացրել, ավելին` այնքան վաղ էր արթնանում, որ հասցնում էր դասի գնալուց առաջ մինչեւ Կամակատարի մատուռը վազել: Մայր ու որդի շատ մտերիմ էինք, ամեն ինչից զրուցում էինք, ամեն ինչի մասին պատմում էր ինձ, անկեղծանում, խորհուրդ էր հարցնում… Ուզում էի` պատմաբան դառնա, ախր շատ էր հետաքրքրվում մեր ժողովրդի անցյալով, պատմությունով… Բայց հանկարծ 8-րդ դասարանում Զորիկը որոշեց, որ զինվորական է դառնալու… Ես դեմ էի… Մեր տանը զինվորականներ էին ամուսինս, եղբայրս, եղբորս որդին: Ասացի` «Թող գոնե քեզ չսպասեմ…»: Թղթերը տարավ ռազմական ինստիտուտ, քննությունները հանձնեց ու զանգեց, թե՝ «Մա՛մ ջան, շնորհավորի՛ր, ընդունվել եմ… Մի՛ նեղացիր, սա իմ կյանքի ուղղությունն է…»:
Անհանգստանում էի՝ կհարմարվի՞ … Մի օր, որ զանգեց, հարցրի՝ «Հո շատ խիստ չե՞ն»: Կատակեց. «Մա՛մ ջան, հաստատ քեզանից պահանջկոտ չեն…»:
Անհանգստանում էի, երբ դիրքեր էր բարձրանում… Ասում էր. «Մի՛ մտածիր, ինձ բան չի պատահի` քո օրհնանքն ու աղոթքը ինձ կպահպանեն»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Hayzinvoram/photos/a.392683310805889.90156.392660087474878/767495629991320/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել