Նորից գրում եմ քեզ, որ հետո պատռեմ ու դեն նետեմ, հոգուս այնքան հավաքված ու չասված խոսքեր կան, որ թև են առել ու թռնում են քեզ մոտ: Նրանց թևերը լայն են ու ազատ, ինչպես ես, որ վաղուց կորցրել եմ հպարտությունս, քանզի չեմ մոռացել քեզ, չէ որ ըստ հանրային կանոնների վաղուց արդեն պիտի ջնջեի քեզ: Բայց, ինչպես տեսնում ես, գրում եմ քեզ, ու երբ այս նամակը կարդաս դու, բառերը դուրս կգան իրենց տեղերից ու կմոտենան քո ականջին ու մեղմ ձայնով կշշնջան իմ անունը: Վաղուց չեմ լսել  ձայնդ, կարոտել եմ… լսելով խոսքերս դու էլ կշշնջաս նրանց ականջին ու պատասխան կուղարկես ինձ, ձայնդ կջերմացնի իմ մերկ հոգին:

Գիտես երեկ անցել եմ այս փողոցով, որտեղով մի օր դու ես անցնելու ու կզգաս իմ շունչը: Կարոտիս փշուրները մնացել են այնտեղ, տերևների հետ նրանք կիջնեն քո ուսերին, ու հենց այդ պահին դու կզգաս անցյալում թաղած մի սրտի թրթիռ, այն քեզ կտանի հին ու ծանոթ օրերի կածաններով, կհիշեցնի քեզ իմ աչքերը, որոնք քեզ համար մի ժամանակ … Այդժամ ես քեզնից հեռու գտնվելով` կզգամ մի հաճելի ջերմություն ու կհասկանամ, որ անցյալի ու ներկային ճանապարհների հատման կետում միացրել է մեզ նորից:   Մի սսւր ծակոց կզգամ ու կփշրվի անցյալի պատկերն, իսկ փշուրները կմխրճվեն հոգուս մեջ, կտեսնեմ բաժանվող երկու հոգի, միայնության թախիծ կիջնի իմ ուսերին:

…..Այնտեղ`հեռավոր այցյալում, թողել ենք մենք երկու ստվեր, որ երբեմն մեզանից թաքուն հանդիպում են միմյանց, իսկ միակ վկան բնությունն է ու ծառերը, նրանք մեզնից անկախ վերանում են լռության մեջ, փարվում երազներին ու սավառնում երկնքում:

…… Այնտեղ` հեռավոր անկյունում, նրանք բաժանվեցին ու լաց եղան, գրկախառնվեցին ու հեռացան, սակայն մինչև հիմա կան անցյալից մնացած երկու ստվերներ, որոնք թափառում են փողոցներով ու բոլորին պատմում մի պատմություն…

…..Այնտեղ` հեռավոր մի անկյունում մենք թողեցինք մեր ստվերներն ու հեռացանք…

Միայն  որպես վերջաբան մի բան կգրեմ քեզ. «Սիրելիս , կարոտել եմ քեզ, սպասում եմ քեզ»:

....Կորստի ցավը  միշտ մեր սրտերում բաց վերք է թողնում միայն ժամանակն է հասու բուժել այն, բայց երբեմն մտածում ես, որ անգամ ժամանակը իր դերը կորցրել է ու կարծես անմահության մեջ սլաքները իմ կյանքի ժամանակը կանգնեցրին, քանզի անցյալը դարձել է ներկա ու գնում է դեպի ապագա… Մի ժամանակ կար, հուշերիս երկրում մանկության ու պատանեկության քաղցր ու անհոգ հուշերն էին ու չարաճճությունները, իսկ այսօր իմ անցյալի ամրոցը լի է քո գաղափարով, ու անցյալի պատկերներով, դու իմ անցյալ, իսկ ինչու անցյալ, դա մենք էլ չգիտենք… Ես իմ կյանքի պատմության այս էջին դնում եմ վերջակետ, փակում եմ այն, միայն կկարողանամ արդյոք չբացել ու նորեն բազմակետեր ավելացնեմ, որ գուցե մի օր նորից կրկնվի մեր հրաշքը, որից հոգնեցիր… Երբեմն հարցնում եմ` ով ես դու ինձ համար, խճճվում են մտքերիս մեջ,քո մեջ փորձում գտնել ինձ, բայց հասկանում մենք հեռու ենք իրարից, շատ հեռու… Դու բոլորին ես, բայց իմը չես, իսկ ես միայնակ եմ ու միայն իմ մտքերում ու գաղտնի երազներում եմ քոնը, բայց ոչ իրական ու հասարակ կյանքում: Ես մի փխրուն սիրտ էի քեզ առաջարկում, ու այն չվերցրիր, որ հանկարծ չկոտրես…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել