Ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հավակնություն ունեցող Նորմանդական քառյակի բանակցային ձևաչափն ուշադրություն է գրավում հատկապես այն պատճառով, որ դրանում ներգրավված չեն ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան: Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների մակարդակով կազմակերպվող հանդիպումների հռչակված նպատակն այս փուլում առնվազն պատերազմական գործողությունների հետագա ծավալման կանխումն է ու կայուն զինադադարի հաստատումը: Ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտում է կանխել Ուկրաինայի ապստամբ արևելքում ռազմական գործողությունների տարածքային ու որակական աճի հեռանկարը և մի այնպիսի ստատուս քվո հաստատել այնտեղ, որը թույլ կտա կայունացնել ու կոնսերվացնել ռազմաքաղաքական իրավիճակն առանց կիևյան իշխանություններին լուրջ զիջումներ անելու: Ռուսաստանի համար բացասական գործընթացներն այնպիսի զարգացում ունեցան, որ այսօր Մոսկվան ուկրաինական ռազմաքաղաքական, դիվանագիտական ճակատում որոշիչ հաղթանակ տանելու հնարավորությունը չունի, սակայն պարտությանը հավասարազոր նահանջը նախնական դիրքերից կարող է խիստ կործանարար, անգամ մահացու հետևանքներ ունենալ իր համար: Գերմանիան ու Ֆրանսիան փորձում են հավասարակշռել վիճակը՝ նրանք մի կողմից սուր քննադատության են ենթարկում Կրեմլին, սակայն մյուս կողմից շահագրգռված չեն Ռուսաստանի անհամարժեք թուլացմամբ, քանի որ այն կզուգորդվի անգլո-ամերիկյան ազդեցության անվերահսկելի աճով ԵՄ շրջանակներում և, առհասարակ, աշխարհում: Իրավիճակը բավականին պարզ է, շահագրգիռ կողմերի նպատակներն էլ՝ թափանցիկ, և այդ է պատճառը, որ հակառակ նրան, որ քառատեղ բանակցային սեղանի շուրջ ուկրաինական կողմը որոշակի պայմանների մասով տալիս է իր համաձայնությունը, կայուն զինադադար հաստատել չի հաջողվում՝ բանակցային խաղաղասիրական բանաձևերն անմիջապես ջնջվում են ռազմաճակատում մարտական հերթական սրացումների ու խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ նոր զոհերի գնով: Կրեմլի համար իրավիճակը բավականին տհաճ է՝ պատերազմել չի ուզում, սակայն նաև չի կարողանում գոնե հարաբերական խաղաղություն հաստատել: Չեն նշմարվում նաև այս վիճակից դուրս գալու հեռանկարները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/934238793253700?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել